Բաժիններ՝

ՊԵԿ-ը պարզաբանում է. 3 տարվա ընթացքում «Մհեր-Լիլուս»-ում ՊԵԿ-ը միակ ստուգումն է սկսել

Գործարար Դավիթ Սահակյանը վերջերս պարբերաբար զանազան լրատվամիջոցներով բարձրաձայնում է Պետական եկամուտների կոմիտեի կողմից իր ղեկավարած ընկերությունը «հարկային տեռորի» ենթարկելու մասին: Գործարարի այսչափ ակտիվությունը մամուլում տարօրինակ է, բայց մյուս կողմից հասկանալի ՊԵԿ-ի համար, որը հարկ է համարում հիշեցնել իրերն իրենց անունով կոչելու պատշաճության մասին: Վանաձորի «Մհեր-Լիլուս» ՍՊԸ-ում ստուգումներ անցկացնելու հետ կապված մտահոգությունները կփարատենք` ներկայացնելով իրողությունն` ըստ օրենքի:

Վթարի հետևանքով ցնդած սոդիումի հիպոքլորիդի մաքսային ձևակերպման մասին.

Ընկերության տնօրենը, լրատվամիջոցներն իր համար իբրև բարձրախոս ծառայեցնելով, համառորեն պարսավում է կոմիտեին` ըմբռնումով չմոտենալու և չգիտես ինչու, իր համոզմամբ, ընկերությունը «սև ցուցակում» գրանցելու համար: Նման մտայնության պատճառը մեքենայի վթարի հետևանքով ցնդած սոդիումի հիպոքլորիդի դիմաց ըստ օրենքի պահանջվող վճարումն է: Նշենք, որ ներմուծված ապրանքի մաքսազերծման դիմաց օրենքը սահմանում է վճարման ենթակա գումար, միևնույն ժամանակ այն չի դիտարկում վթարի հետևանքով ցնդած կամ որևէ այլ հանգամանքի դեպքում ապրանքի դիմաց չվճարելու պայման: Ի դեպ, ցնդած հեղուկի մասին հենց առաջին հրապարակումից հետո կոմիտեն պատրաստակամություն է հայտնել Դ.Սահակյանին հրավիրելու հարցի քննարկմանը: Արդյունքում պարզվել է օրենքին Սահակյանի անտեղյակությունը, ինչը նա նույնպես ընդունել է: Նկատենք, որ կոմիտեն, հանագամանորեն խնդիրը նրան բացատրելով, հարցի լուծման քաղաքակիրթ և իրավական տարբերակի է դիմել. հաշվի առնելով գործի նրբությունը` «Մհեր-Լիլուս» ՍՊԸ-ի դեմ ՊԵԿ-ի համապատասխան հայցը ներկայում քննվում է ՀՀ վարչական դատարանում:

ԱԺ պատգամավոր ԷդմոնՄարուքյանի հայտարարության մասին.

Կարդացեք նաև

Գործարարի բողոքին ականջալուր եղած Էդմոն Մարուքյանը, չգիտես ինչու, համոզված արտահայտվել է կոմիտեի` իբր թե «անօրինականության» և դա քողարկելուն ուղղված ջանքերի վերաբերյալ: Սակայն պատգամավորին ուզում ենք հիշեցնել, որ նրա խոսքը կոծկելու, ոչ էլ դրա համար որևէ մեկի լավությունից օգտվելու կարիքը կոմիտեն առհասարակ չունի: Իսկ առիթից անտեղի օգտվելու և կոմիտեի հեղինակությունը վարկաբեկելու Դավիթ Սահակյանի փորձը հիշեցնում է ինչ-որ մեկի հետ «հաշիվներ» ունեցողի վրեժ: Նրա կողմից ողջամիտ կլինի, նախքան զոհի դիմակով հանրության և մամուլի առջև ներկայանալը, սպասել դատարանի որոշմանը. գուցե դրանից հետո դիմակը փոխելու անհրաժշտություն առաջանա:

«Հարկային տեռորի» մասին.

Գործարարի դատողությունները` ՓՄՁ-ի նկատմամբ ՊԵԿ-ի գործադրած «ճնշումների» մասին, դատարկ են և անհիմն, քանի որ կոմիտեն, ելնելով փոքր և միջին ձեռնարկատիրությունները զարգացնելու պետական քաղաքականությունից, միաժամանակ ձգտում է լրացուցիչ ռեսուրս չվատնել այս ոլորտի ֆիսկալ հսկողության վրա: Իսկ եթե նման տպավորություն Դ.Սահակյանը ստացել է իր ընկերությունում իրականացվող ստուգումը նկատի ունենալով, ապա հիշեցնենք, նրան, որ դա վերջին 3 տարվա ընթացքում «Մհեր-Լիլուս»-ում իրականացվող բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության միակ ստուգումնէ: Իսկ թե ինչու է այդ ընթացքում օրենքով նախատեսված ուսումնասիրության կատարումը Սահակյանը «հարձակում» որակում, հետևությունները թողնում ենք ընթերցողին: Իրականում ուսումնասիրությամբ ձեռք բերված տվյալներն ստուգելու նպատակով կոմիտեում նախապատրաստվել են նյութեր, և գործի առնչությամբ հետաքննության վարչության 1-ին բաժնի հետաքննիչ Վ.Զաքարյանը «Մհեր-Լիլուս»-ի տնօրենից բացատրություն է ստացել, որ ընկերությունը մեծածախ ու մանրածախ վաճառքն իրականացրել է և՛ հարկային հաշիվներով, և՛ ՀԴՄ-ի միջոցով: Սակայն պարզվել է, որ մեծածախ առևտուրը հիմանականում ցույց է տրվել ՀԴՄ-ի միջոցով` պատճառաբանությամբ, թե գնորդների զգալի մասը չի ցանկացել իր անունով դուրս գրել հաշիվ-ապրանքագրեր: Հետևաբար Դ.Սահակյանի մեկնաբանած հանգամանքների իսկությունը ճշտվել է «Մհեր-Լիլուս» ՍՊԸ-ի հետ գործարքներ կատարած անձանցից: ՊԵԿ աշխատակիցները գործել են իրենց վերապահված լիազորությունների շրջանակում. նրանց կողմից ոչ ոք չի ահաբեկվել, և որևէ մեկի հասցեին սպառնալիքներ չեն եղել:

ՊԵԿ-ի համար Դավիթ Սահակյանի այս պահվածքը տարակուսելի չէ, քանի որ ակնհայտ է` կառույցի գործունեությունը ստվերելուն ուղղված համառ փորձերի իրական նախաձեռնողը Սահակյանը չէ: Նրանց մասին, ովքեր գործարարին օգտագործելով թեժ են պահում թեման, կոմիտեն առավել քան իրազեկված է:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս