Բաժիններ՝

Լոնդոնն Ուկրաինային թույլ կտա Storm Shadow հրթիռներով հարվածել Ռուսաստանին. The Guardian

Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշել է թույլ տալ Ուկրաինային օգտագործել հեռահար Storm Shadow թևավոր հրթիռները Ռուսաստանում թիրախներին հարվածելու համար:

Այս մասին գրում է The Guardian-ը՝ հղում անելով բրիտանական կառավարությունում իր աղբյուրներին։

Առայժմ պարզ չէ, թե երբ այս որոշման մասին պաշտոնապես կհայտարարվի, սակայն հրատարակությունը գրում է, որ դա տեղի չի ունենա սեպտեմբերի 13-ին՝ Վաշինգտոնում Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպման ժամանակ։Բացի այդ, ինչպես նշել են The Guardian-ի աղբյուրները, սեպտեմբերի 11-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լեմիի համատեղ այցը Կիև չէր կայանա, «եթե Storm Shadow-ի օգտագործման վերաբերյալ դրական որոշում ընդունված չլիներ»։

Storm Shadow-ն անգլո-ֆրանսիական թևավոր հրթիռ է, որի հեռահարությունն առնվազն 305 կմ է։

Ըստ հրապարակման՝ Կիևի կողմից հեռահար հրթիռների օգտագործման վերաբերյալ հրապարակային հայտարարությունն «անհարկի սադրիչ կլիներ»։ Նաև չի բացառվում, որ Ուկրաինայի կողմից դրանց օգտագործման սահմանափակումներ, այնուամենայնիվ, լինեն՝ խուսափելու «անխոհեմ և ոչ անհրաժեշտ հարձակումներից»։

Ավելի վաղ Բայդենն ասել էր, որ իր վարչակազմը քննարկում է Կիևի կողմից հեռահար զենքի օգտագործման գործող սահմանափակումները վերացնելու հարցը։ Իր հերթին Բլինքենը Կիևում սեպտեմբերի 11-ին ակնարկել է, որ Սպիտակ տունը շուտով կարող է վերացնել ամերիկյան հրթիռների օգտագործման սահմանափակումները։ Նա ասել է, որ առաջին իսկ օրվանից Վաշինգտոնը պատրաստ է փոխել իր քաղաքականությունը՝ ելնելով Ուկրաինայում ռազմադաշտում իրավիճակի փոփոխությունից։

«Եվ մենք կշարունակենք դա անել», – ասել է նա։Իր հերթին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը սեպտեմբերի 11-ին հայտարարել է՝ Կրեմլը ենթադրում է, որ ԱՄՆ-ն արդեն որոշել է վերացնել ATACMS հրթիռների օգտագործման սահմանափակումները՝ Ուկրաինայից ռուսական տարածքին հարվածելու համար։ Պեսկովը խոստացել է, որ Վաշինգտոնի հնարավոր թույլտվությանը համարժեք պատասխան կհաջորդի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս