Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվեց. Նա կլքի քրեակատարողական հիմնարկը
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի շինծու քրեական վարույթի քննությունը:
Նախորդ դատական նիստին շարունակվեց առանցքային վկա Կարեն Ակոպյանի հարցաքննությունը, որում վերջինս կարևոր բացահայտումներ արեց ԵՊԲՀ գործող ռեկտոր Արմեն Մուրադյանի ու Արմեն Աշոտյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման միջև եղած կապի առնչությամբ: Վկայի հարցաքննությունն իրականացվեց փակ ռեժիմում:
Հիշեցնենք, որ հենց Կարեն Ակոպյանի նկատմամբ կիրառված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում է Արմեն Աշոտյանն արդեն մեկ տարի 2 ամսից ավելի կալանավորված:
Այսօրվա դատական նիստում պիտի հարցաքննվեր վկա Անի Ռափյանը:
Մինչ վկայի հարցաքննությունը, սակայն, հանրային մեղադրողը միջնորդություն ներկայացրեց, որ նիստը չտեաձայնագրվի, որովհետև, ըստ նրա՝ նախորդ վկայի հարցաքննությունը 168.am լրատվամիջոցը տեքստային տարբերակով հրապարակել է: Մինչդեռ օրենքը չի արգելում դատական նիստից հետո հրապարակել վկայի հարցաքննությունը, ինչի մասին մեր կայքի լրագրողն ասաց դատարանում՝ հավելելով նաև, որ ողջ հարցաքննությունը չի հրապարակվել, այլ դրա՝ առանձնակի կարևորություն ունեցող հատվածները:
Դատարանը մերժեց հանրային մեղադրող Նշանյանի միջնորդությունը. լրատվամիջոցը կարող է տեսաձայնագրել ու ազատ է նիստից հետո հրապարակել վկայի ցուցմունքը:
Հաջորդիվ դատախազները բարձրացրեցին Կարեն Ակոպյանի նախաքննական ու դատարանում տված ցուցմունքների միջև հակասությունների հրապարակման թույլատրելիության սահմանները որոշելու հարցը:
Կարեն Ակոպյանը, սակայն, հրաժարվեց պատասխանել հանրային մեղադրողների հարցերին:
Անի Ռափյանի հարցաքննությունը նույնպես տեղի չունեցավ: Այն կկայանա սեպտեմբերի 13-ին՝ ժամը 15:00-ին:
Դատական նիստը շարունակվեց, որի ժամանակ հանրային մեղադրողները ցանկացան կարդալ Կարեն Ակոպյանի ցուցմունքների խնդրահարույց մասերը: Կարեն Ակոպյանը պնդեց՝ հրաժարվում է պատասխանել հանրային մեղադրողների հարցերին: Վերջինս դուրս եկավ նիստերի դահլիճից՝ մինչ այդ ստանալով դատարանի հավաստումը, որ ինքը ցանկության դեպքում և դահլիճում տեղ լինելու պարագայում այսուհետ կարող է մասնակցել դատական նիստերին:
Այնուհետև դատարանն անցավ Արմեն Աշոտյանի խափանման միջոց կալանքի միջնորդության փոփոխության հարցի քննությանը:
Հանրային մեղադրող Դոլինյանը, բնականաբար, կրկին պնդեց՝ քանի որ բոլոր վկաները հարցաքննված չեն, Արմեն Աշոտյանին պետք է պահել կալանքի տակ ևս 3 ամիս:
Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանն էլ նշեց՝ «Չեմ ուզում կրկնվել, նույն կարծիքին եմ. Աշոտյանին կալանքի տակ պահելու որևէ հիմք չկա»:
Տիգրան Աթանեսյանի խոսքից հետո հայտարարվեց ընդմիջում, որից հետո խոսքը տրվեց Ռուբեն Մելիքյանին, ով նշեց, որ Արմեն Աշոտյանի համար երաշխավորել են նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն ու արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:
Վաչե Գաբրիելյանն ասաց՝ ինքը «Լույս» հիմնադրամի խորհրդի անդամ է, Արմեն Աշոտյանի գործատուն, և կարծում է՝ կարող է ազդեցություն ունենալ Աշոտյանի վարքի վրա:
«Լույս» հիմնադրամի խորհրդի նախագահ Դավիթ Հարությունյանն էլ պնդեց՝ կարող է ազդեցություն ունենալ Արմեն Աշոտյանի վարքի վրա, հատկապես, եթե դատարանը չարգելի իրեն հանդիպել Արմեն Աշոտյանի հետ:
Ռուբեն Մելիքյանի խոսքով էլ՝ մեղադրանքի կողմին որևէ կերպ չհաջողվեց համոզել, որ վկայի վրա Աշոտյանի կողմից ազդեցության փորձ է եղել:
Արմեն Աշոտյանը նույնպես դիրքորոշում հայտնեց: Վերջինիս խոսքով՝ վերջին 3 ամսվա ընթացքում շատ բան է փոխվել՝ վկայակոչելով նախ Վերաքննիչի որոշումը իր կալանքի ժամկետը կրճատելու մասին, ապա վկա Կարեն Ակոպյանի հարցաքննությունը:
«Իր ցուցմունքում Կարեն Ակոպյանը մի քանի անգամ պատասխանելով ձեր ու դատախազների հարցին՝ արդյո՞ք Արմեն Աշոտյանն ազդեցություն է գործադրել իր վրա, պատասխանեց՝ ոչ, ոչ… Քննիչները շատ լավ գիտեին, որ եթե Մարթա Սիմոնյանին տանեն կալանքի, աղմուկը մեծ կլինի»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Ինչ վերաբերում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ իր հարաբերություններին, Արմեն Աշոտյանի խոսքով՝ իրենք խնդիրներ աշխատանքային գործունեության ընթացքում չեն ունեցել:
Արմեն Աշոտյանն անդրադարձավ նաև իր երաշխավորներին, կատակեց՝ ինքը միջանձնային զրույցներում Վաչե Գաբրիելյանին «շեֆ» է ասում, բայց ոչ թե որովհետև նա «Լույսում» իր ղեկավարն էր, այլ որովհետև, երբ Վաչե Գաբրիելյանը փոխվարչապետ էր, ինքը ԿԳ նախարար էր, և իր ոլորտը կուրացիա էր անում Վաչե Գաբրիելյանը:
Դատավորը կողմերին հարցեր ուղղեց, ապա երկար ճշտեց Աշոտյանի բնակության հասցեն: Արմեն Աշոտյանը հանգամանորեն պատասխանեց բոլոր հարցերին:
Շուրջ 5 ժամ տևած դատական նիստի ավարտին դատավորը որոշեց Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխել ու կիրառել տնային կալանք և 25 միլիոն դրամ գրավ խափանման միջոցները:
Արմեն Աշոտյանը տնային կալանքի ռեժիմում չի կարող հաղորդակցվել որևէ մեկի հետ: Զրկված է նաև նամակագրության իրավունքից: Արմեն Աշոտյանը հարցեր ուղղեց դատարանին՝ կարո՞ղ է հոդված գրել, կարո՞ղ են իրեն այցելել պատգամավորները: Դատավորը խոստացավ բոլոր հարցերին հանգամանորեն անդրադառնալ իր որոշման մեջ, բայց Աշոտյանը կարող է շփվել ԱԺ պատգամավորների հետ: Կարող է նաև հոդված գրել մամուլի համար:
Հիշեցնենք՝ Արմեն Աշոտյանի պաշտպանական կողմն առաջարկել էր գրավ՝ 40 միլիոն ՀՀ դրամ, 2 անձի երաշխավորություն և տնային կալանք համակցված խափանման միջոցները:
Մանրամասները՝ տեսանյութում: