Բաժիններ՝

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ հրադադարի նոր առաջարկների կարիք չկա

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը հայտարարել է, որ Գազայի հատվածում հրադադարի նոր առաջարկներ ներկայացնելու կարիք չկա։ Ըստ ՀԱՄԱՍ-ի՝ հարկավոր է ճնշում գործադրել, որպեսզի Իսրայելը համաձայնի ԱՄՆ-ի ներկայացրած պլանին, որը շարժումն արդեն ընդունել է։ Այս մասին հաղորդում է The Jerusalem Post պարբերականը։ 

Ակնկալվում էր, որ ԱՄՆ-ն հրադադարի նոր առաջարկ կներկայացնի, որն ուղղված կլինի Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև անհամաձայնությունները նվազեցնելուն։

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ձգտում էր խափանել համաձայնությունը՝ պնդելով, որ Իսրայելը դուրս չի գա Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին գտնվող Ֆիլադելֆիական միջանցքից:

«Մենք նախազգուշացնում ենք չհայտնվել Նեթանյահուի ծուղակում և չտրվել նրա հնարքներին, քանի որ նա բանակցություններն օգտագործում է, որպեսզի երկարաձգի մեր ժողովրդի դեմ ագրեսիան», – նշված է հայտարարության մեջ։ 

ՀԱՄԱՍ-ը նշել է, որ ընդունել է հուլիսի 2-ին ԱՄՆ-ի ներկայացրած առաջարկը, համաձայն որի պետք է ազատ արձակվեին երեքը այն վեց պատանդներից, որոնց օգոստոսի 31-ին սպանված էին գտել Գազայի հատվածում։

Ըստ Իսրայելի պաշտպանական գերատեսչության աղբյուրներից մեկի՝ Նեթանյահուն մերժել է ԱՄՆ-ի առաջարկը, քանի որ այն չէր լուծում Ֆիլադելֆիական միջանցքի հարցը։

Օգոստոսի 29-ին Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը որոշում էր ընդունել պահպանել զորքերի ներկայությունը Ֆիլադելֆիական միջանցքում։ Պաշտպանության նախարար Յոավ Գալանտը դեմ էր արտահայտվել այդ որոշմանը, իսկ սեպտեմբերի 1-ին հանդես էր եկել առանձին հայտարարությամբ՝ կոչ անելով կառավարությանը վերանայել այդ որոշումը։  

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սեպտեմբերի 2-ին Երուսաղեմում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ եթե Իսրայելի պաշտպանության բանակը Ֆիլադելֆիական միջանցքը լքի թեկուզ համաձայնագրի առաջին՝ 42-օրյա փուլում, ապա ՀԱՄԱՍ-ը կկարողանա վերազինվել, վերակազմավորվել և էլ ավելի շատ զանգվածային սպանություններ իրականացնել։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս