Նոր ուսումնական տարվա առաջին օրն ազդարարում է գիտելիքներով հարստանալու և նոր նպատակներ կյանքի կոչելու սկիզբը. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:
«Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, ուսուցիչներ, դասախոսներ և ծնողներ,
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:
Նոր ուսումնական տարվա առաջին օրն ազդարարում է գիտելիքներով հարստանալու և նոր նպատակներ կյանքի կոչելու սկիզբը։
Գիտելիքն է այն հզոր ուժը, որն օգնում է ճիշտ կառուցել ապագան, իսկ գիտելիքով հարուստ անհատներն առավել հզորացնում են մեր պետության հիմքերը։
Սիրելի՛ դպրոցականներ և ուսանողներ, հիշե´ք, միայն գիտելիքի և որակյալ կրթության շնորհիվ է հնարավոր ձևավորվել հանդուրժողականության այնպիսի մթնոլորտ, որտեղ երաշխավորված կլինի յուրաքանչյուր քաղաքացու արժանապատվությունն ու իրավունքների նկատմամբ հարգանքը:
Դրան հասնելու համար պետք է կատարելագործել ուսուցման մեթոդաբանությունը, դպրոցից սկսած՝ իրականացնել իրավագիտակցության բարձրացմանը միտված աշխատանքներ:
Առաջնային է նաև համընդհանուր ներառական կրթության, երեխաների համար անվտանգ միջավայրի և ֆիզիկական մատչելի պայմանների ապահովումը, ինչպես նաև կրթական հաստատություններում բուլինգի կանխարգելմանն ուղղված միջոցառումների ձեռնարկումը, ինչը մեզանից յուրաքանչյուրից պահանջում է հետևողական աշխատանք և մեծ նվիրում։
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր օրվա կապակցությամբ»,- ասվում է ուղերձում: