Թուրքիայում անշարժ գույք գնած օտարազգիիները կստանան մեկ տարով երկրում բնակության իրավունք
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում անշարժ գույք ձեռք բերած օտար քաղաքացիները կստանան մեկ տարով երկրում բնակության իրավունք: Այս մասին այսօր նշվել է Թուրքիայի Պաշտոնաթերթում (Resmi Gazete):
Համապատասխան օրինագիծը նախօրեին վավերացվել է Թուրքիայի խորհրդարանի կողմից: Սրանից առաջ Թուրքիայում անշարժ գույք գնած օտարազգիներին բնակության իրավունք էր տրվում 3 ամիս ժամկետով:
Թուրքիայի կառավարությունը պալնավորել է այս օրենքի կիրառման միջոցով ավելացնել Թուրքիայում անշարժ գույքի վաճառքի ծավալը՝ այն հասցնելով տարեկան մինչև 10 միլիարդ դոլարի:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հուլիսի վերջերին Թուրքիայում ընդունված նոր օրենքով աշխարհի 183 երկրների քաղաքացիների թույլատրվել էր Թուրքիայում գնել անշարժ գույք: Տվյալ օրենքով՝ Ադրբեջանի, Ղազախստանի, Ուզբեկստանի ու Պարսից ծոցի արաբական երկրների քաղաքացիներին թույլատրվել էր առանց որևէ նախապայմանի անշարժ գույք ձեռք բերել Թուրքիայում:
Նույն օրինագծով՝ Հայաստանի, Սիրիայի, Հյուսիսային Կորեայի, Կուբայի, Նիգերիայի ու Եմենի քաղաքացիներն ամբողջովին զրկվել էին Թուրքիայում անշարժ գույք գնելու իրավունքից: Իսկ մի շարք երկրների քաղաքացիներին էլ որոշակի պայմաններով էր թույլատրվել գնել անշարժ գույք:
Օրինակ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներին արգելվել է սեփականություն ձեռք բերել Սև ծովի ափին: Իսկ ահա Վրաստանի քաղաքացիները կարող են սեփականություն ձեռք բերել Թուրքիայի բոլոր շրջաններում՝ բացառությամբ ափամերձ և սահմանային շրջաններից:
Նոր օրենքով օտարազգի գնորդը կարող է գնել մինչև 60 հեկտար տարածք: Օտարազգի գնորդը կարող է հողատարածք ձեռք բերել նաև ռազմական օբյեկտների մոտ, բայց միայն Գլխավոր շտաբի թույլտվության դեպքում:
Բացի այդ, նոր օրենքով օտար քաղաքացիներին թույլատրվում է գնել յուրաքանչյուր նահանգի տարածքի 10 տոկոսից ոչ ավելին: Ավելի վաղ Թուրքիայում հողատարածք կարող էին գնել այն երկրների քաղաքացիները, որոնցում կարող էին հողատարածք գնել Թուրքիայի քաղաքացիները: