Բաժիններ՝

Անգամ թեթև ուղեղի ցնցումը կարող է զգացնել տալ 8 տարի անց

Ամեն տարի ավելի քան 10 միլիոն մարդ ուղեղի տրավմատիկ վնասվածք է ստանում: Դրանց 60%-95%-ը թեթեւ են։ Խոսքն ուղեղի ցնցման մասին է:

Ուղեղի միջին և ծանր ցնցման հետևանքները լավ ուսումնասիրված են, և դա զարմանալի չէ, քանի որ նման վնասվածքները հաճախ հանգեցնում են մահվան և առողջության լուրջ հետևանքների: Այնուամենայնիվ, շատ ավելի քիչ է հայտնի ուղեղի ցնցման երկարաժամկետ ազդեցության մասին:

Նոր Զելանդիայի գիտնականների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ չափահասները, ովքեր ստացել են ուղեղի թեթև ցնցում, 8 տարի անց հայտնել են երկարատև ախտանիշների՝ դեպրեսիայի և աշխատանքի հետ կապված խնդիրների մասին: Փորձարկվողների ավելի քան մեկ երրորդը (36%) հայտնել է այդ մասին:

Ուղեղի ցնցումներն առաջանում են հարվածներից և բախումներից, ինչպես օրինակ՝ ավտովթարի ժամանակ ղեկի հարվածից կամ սպորտով զբաղվելիս:

Բախումը, շարժման կտրուկ փոփոխությունները գործում են ուղեղի հյուսվածքի վրա՝ ձգելով նեյրոնների երկար և բարակ «կոնտակտները»՝ աքսոնները: Անջատումը կարող է առաջացնել մի շարք ախտանիշներ, ինչպիսիք են գլխացավը, սրտխառնոցը, տեսողության խանգարումը, տրամադրության փոփոխությունները և կարճաժամկետ հիշողության կորուստը: Հետազոտողները հետազոտել են 1298 հոգու թեթև ուղեղի ցնցումով: Նրանց առողջական վիճակը կրկին հետազոտվել է ութ տարի անց:

Գիտնականներն արձանագրել են, որ մնացորդային ախտանիշները կարող են պահպանվել շատ երկար ժամանակ: Փորձարկվող մասնակիցների մեկ երրորդը կարծում էր, որ անգամ 8 տարի անց դեռևս որոշակի խնդիրներ ունեն:

Եվ երկարաժամկետ ախտանշաններն ամենևին էլ մեղմ չեն եղել. որոշ հիվանդներ հայտնել են հետտրավմատիկ սթրեսային խանգարումների կամ անհանգստության ախտորոշումների, աշխատանքային խնդիրների և հետցնցումային համախտանիշի՝ ագրեսիայի կամ արցունքաբերություն մասին։

Այս ախտանշաններն ավելի ցայտուն են եղել կանանց մոտ, հատկապես նրանց, ովքեր բազմաթիվ ցնցումներ են ունեցել:

Այս արդյունքներով հետազոտողները առաջարկում են մշակել բուժման նոր սխեմաներ՝ ավելի մեծ ուշադրություն դարձնելով հոգեկան առողջության խնդիրներին։ Մինչ այդ ամենահրատապ խորհուրդն են տալիս՝ գլուխդ պահիր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս