Տավուշում ամենալավ կահավորված բնագիծն իշխանությունների ձեռամբ փլուզվել է, թշնամին Կիրանց գյուղի տարածքում հանգիստ ամրաշինական աշխատանքներ է կատարում. Կարեն Ղազարյան

Հայաստանի իշխանությունները Տավուշի մարզում Ադրբեջանի հետ սահմանագծման աշխատանքների արդյունքում բնակիչների համար ավելի է մեծացրել անվտանգային խնդիրները, քանի որ, ինչպես բնակիչներն են պնդում՝ քանդել են ամենալավ կահավորված հայկական դիրքերը, փոխարենը քաշել են փշալարեր ու կանգնեցրել սահմանային սյուներ, որոնք որևէ կերպ չեն ապահովելու մարդկանց անվտանգությունը։

Կիրանց գյուղը հայտնվել է ուղիղ թշնամու թիրախում, ավելին՝ գյուղի մի հատվածը բնակիչների տների հետ անցել է թշնամուն։ Դեռ շահագործման չհանձնված դպրոցն էլ թշնամու դիրքերից մի քանի մետր հեռավորության վրա է։

Հուլիսի 10-ից Կիրանց գյուղով անցնող միջպետական ճանապարհը դադարել է գործել, մարդիկ պետք է երթևեկեն Աճարկուտ գյուղով։ Կիրանցի նորակառույց դպրոցն ադրբեջանցի սահմանապահներից բաժանող բետոնե պատ է կառուցվում արդեն, ըստ որոշ տեղեկությունների՝ այն երեք մետր բարձրություն ու 100 մետր երկարություն է ունենալու։

168.am հետ զրույցում Աճարկուտի բնակիչ Կարեն Ղազարյանն ասաց, որ Կիրանցում աշխատանքներն այս պահին էլ շարունակվում են։

Կարդացեք նաև

«Ճանապարհներ են դեռ կառուցում, ճանապարհի կողքի հենապատի բետոնային հատվածն ավարտել են, կողքից թիթեղյա կոնստրուկցիայով փակում են։

Ինչ վերաբերում է Կիրանցի դպրոցին, որն անմիաջպես այս ամենի հարևանությամբ է, ապա այն պատրաստ չէ շահագործման։ Նախապես նշվում էր, որ սեպտեմբերի 1-ին պետք է հանձնվի շահագործման, բայց պատրաստ չէ։ Նույնիսկ, եթե պատրաստ էլ լիներ, հաստատ որևէ երեխա այդ դպրոց չէր գնա սեպտեմբերի 1-ին»,- նշեց Կարեն Ղազարյանը։

Աճարկուտի բնակչի փոխանցմամբ՝ իշխանությունների և իշխանամերձ շրջանակների հայտարարությունները, թե իբր Տավուշում հպարտ են սահմանագծմամբ, իրականության հետ որևէ աղերս չունեն: Տավուշի որևէ բնակիչ չի կարող ասել, թե այդ ամենը լավ է, բոլորն էլ իշխանություններին հայհոյում են։

«Ուղղակի իշխանությունը հո չի՞ ասելու՝ մենք գնացինք Տավուշ, մեզ հայհոյեցին։ ՔՊ-ական Լուսինե Բադալյանն էր ասում, թե հպարտ է, որ պետական սահման է տեսնում, բայց պետական սահմանը երբեք Կիրանցի մեջտեղում չի եղել, ինչպես այսօր իրենք են արել։ Պետական սահմանը գծվել է 1991-1994 թվականներին ու այդ սահմանը ճանաչվել է։ Հայկական զորքն այդ հատվածում կանգնած է եղել մինչև 2024 թվականի մայիսի վերջ, մինչև որ հայկական զորքին իշխանությունը «նահանջ» հրաման տվեց»,- հավելեց մեր զրուցակիցը։

Ըստ նրա, իշխանությունների իրականացրած այս գործընթացի արդունքում Ադրբեջանի օկուպացիայի տակ մնացած հայկական հողերից նույնիսկ 1 սմ չի վերադարձվել հայկական կողմին, փոխարենը՝ ՀՀ իշխանությունը շռայլորեն հայկական հողեր է հանձնել թշնամուն։

«Բերքաբեր գյուղն ունի 1400 հեկտար տարածք, որն Ադրբեջանի հսկողության տակ է, որից 740 կամ 800 հեկտարը վարելահող է։ Մեզ իշխանությունը մեղադրեց, թե՝ դուք հողերը չհանձնելու համար ցույցեր եք արել, ինչից Ադրբեջանի նախագահը նեղացել է ու որոշել է հայկական հողերը հետ չտալ։

Կրկնում եմ՝ այս պահին Տավուշում ամենալավ կահավորված բնագիծն իշխանությունների ձեռամբ փլուզվել է, թշնամին Կիրանց գյուղի վարչական տարածքում է, իր համար հանգիստ ամրաշինական աշխատանքներ է կատարում։ Վստահ եմ, որ վաղը կրակոցներ ու հարձակումների փորձեր է անելու՝ կրկին հայկական կողմին մեղադրելով սադրանքների մեջ։ Եթե ՀՀ-ում իշխանության մնան այս անինքնասերները, ադրբեջանական սադրանքների ամբողջ մեղքը բարդելու են հասարակ գյուղացու կամ ընդդիմության այն հատվածի վրա, որն իր անհամաձայնությունն է արտահայտել»,- շեշտեց Կարեն Ղազարյանը։

Նա վստահ է, եթե ՀՀ-ում իշխանափոխություն չլինի, ապա Տավուշի ճակատագրին արժանանալու են Սյունիքը, Վայոց ձորը, Գեղարքունիքը, քանի որ օրվա իշխանությունների օրոք դրական փոփոխություն հօգուտ հայկական կողմի չի կարող լինել։

«Մինչև իշխանափոխություն չլինի, որևէ բան հնարավոր չէ փոխել, առաջին հերթին պետք է իշխանությունը փոխվի։

Ինքս 2018 թվականի օգոստոսից իմ քաղաքական հայացքների համար խնդիրների մեջ եմ, երբ դեռ Աճարկուտ համայնքի ավագանու անդամ էի, անկուսակցական։ Խնդիրների եմ բախվել այն ժամանակ, երբ ժողովրդին փորձում էի հասկացնել, որ սրանք եկել են Արցախը հանձնելու։ 2018 թվականի դեկտեմբերին, երբ պետք է տեղի ունենար արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ինձ վրա տարբեր կողմերից հարձակումներ են եղել, նաև ընտանիքիս անդամների վրա, թե իբր ես խանգարում եմ Նիկոլին ու մեր համայնքի ղեկավարին աշխատել»,- ընդգծեց Կարեն Ղազարյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ այս պահին բնակիչների մոտ տրամադրությունները շատ հակասական են, կան մարդիկ, որոնց տունը հայտնվել է սահմանային գոտու մոտ, նրանք հրաժարվել են բնակվել այդ տանը, ուստի պետությունից ստացել են փոխհատուցում, գնացել են, Իջևանում կամ այլ համայնքում են հաստատվել, կամ էլ բարեկամների տանն են ժամանակավորապես ապրում։

«Կան նաև բնակիչներ, որոնց տունը սահմանին մոտ է, բայց նրանք արդեն ասել են, որ վճռական են լինելու ու իրենց տներից ու գյուղից դուրս չեն գալու»,- եզրափակեց Կարեն Ղազարյանը։

Տեսանյութեր

Լրահոս