Դատարանի որոշմամբ՝ Իսպանիայի վարչապետը պետք է ցուցմունք տա կնոջ դեմ գործով
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը որպես վկա պետք է ցուցմունք տա իր կնոջ՝ Բեգոնյա Գոմեսի դեմ գործով՝ կապված բիզնեսում կապերի հնարավոր օգտագործման և կոռուպցիայի հետ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Դատավորը որպես վկա ցուցմունք տալու համար կանչում է Պեդրո Սանչեսին… հուլիսի 30-ին, տեղական ժամանակով ժամը 11:00-ին», – հայտնել է Մադրիդի բարձրագույն դատարանի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ դատավորը կայցելի Մոնկլոա պալատ, որտեղ գտնվում է վարչապետի պաշտոնական նստավայրը՝ լսելու նրա ցուցմունքը։
Ապրիլին իրավաբանական ատյանը հայտնել է Գոմեսի դեմ հետաքննություն սկսելու մասին՝ բիզնեսում կապերն օգտագործելու և կոռուպցիայի կասկածանքով։ Բողոքը ներկայացրել է «Մաքուր ձեռքեր» սինդիկատը, որը խոստովանել է, որ մեղադրանքները հիմնված են մամուլի հրապարակումների վրա։ Ըստ El Confidencial թերթի վարկածի՝ գործը կենտրոնացած է մի քանի մասնավոր ընկերությունների հետ Գոմեսի հարաբերությունների վրա, որոնք միջոցներ և պետական պայմանագրեր են ստացել կառավարությունից: Դատախազությունը խնդրել է կարճել գործը։
Հետաքննությունն սկսվելուց հետո վարչապետը մի քանի օրով չեղյալ էր հայտարարել իր հասարակական միջոցառումները՝ մտածելու՝ արդյոք շարունակի իր պաշտոնավարումը։ Սանչեսը նաև երկրի աջ և ծայրահեղ աջ քաղաքական ուժերին մեղադրել է Գոմեսի դեմ աննախադեպ հարձակումների մեջ։ Ավելի ուշ Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ չի հեռանա իր պաշտոնից: