Նախատեսվում է կիրառել նոր գործիքակազմ. ՍԱՏՄ-ն՝ Ռուսաստան արտահանման արգելքի մասին
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վստահեցնում է՝ գործադրվում են բոլոր ջանքերը դեպի Ռուսաստան արտահանվող միրգ-բանջարեղենի արգելանքին առնչվող իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։
Պաշտոնական հաղորդագրությամբ տեսչական մարմինը նշում է, որ բացի հավատարմագրման գործընթացից, առաջիկայում նախատեսվում է կիրառել պարբերական լաբորատոր հսկողության միջոցներ և նոր գործիքակազմ՝ նման խնդիրները բացառելու նպատակով:
Տեսչական մարմինը հուլիսի 17-ին ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունից («Ռոսսելխոզնադզոր») նամակ է ստացել, որ Հայաստանից Ռուսաստան արտահանվող պտուղ-բանջարեղենի ապրիլ-հունիս ամիսների խմբաքանակներում արձանագրել է խախտումներ և կայացրել հուլիսի 15-ից ՌԴ տարածք հայաստանյան 16 ընկերությունների արտադրանքի մատակարարումը ժամանակավորապես սահմանափակելու որոշում։
«Ստեղծված իրավիճակի կապակցությամբ սկսվել են բանակցություններ երկու կառույցների մասնագետների մասնակցությամբ: Առկա է պայմանավորվածություն առցանց կոնֆերանսի վերաբերյալ՝ ԵԱՏՄ ընդհանուր գործընթացների տրամաբանությամբ խնդիրն արագ կարգավորելու միտումով», – ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ ռուսական կողմի՝ մեկ ամիս առաջ տեղեկացրել են խնդրի մասին ու հորդորել ծառայողական քննություն նշանակել, տեղեկացնել վտանգավոր ապրանքների մատակարարումը կանխելու ուղղությամբ արված աշխատանքների մասին։
Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը նաև նշում է, որ տնտեսվարողներն անմիջապես տեղեկացվել են իրենց բեռներում հայտնաբերված շեղումների մասին, իսկ իրենք վերահսկողական միջոցառումներ են սկսել: