Ո՞րն է եղել սրճարանում հրդեհի պատճառը
168.am-ն այսօր տեղեկացրել էր Պուշկին-Կողբացի փողոցների խաչմերուկի սրճարաններից մեկում բռնկված հրդեհի մասին։ ՆԳՆ-ից մասնավորապես հայտնել էին ժամը 03:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ստացված ահազանգի մասին, ապա տեղեկացրել՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 03:44-ին, մարվել՝ 04:00-ին։ Այրվել են երեք պատուհան և գույքը՝ մասամբ։
Նշենք՝ խոսքը «Դե Անջելո» սրճարանի մասին է։
Ի դեպ, մեր տեղեկություններով, ՆԳՆ-ում դեռևս չկա հրկիզման վերաբերյալ հաղորդում։
Առավոտյան սրճարանի սոցիալական էջում տեղադրվել է պարզաբանում, որում մասնավորապես նշվում է․
«Սիրելի բարեկամներ, դեռևս անհայտ պատճառներով մոտակա դրսի էլեկտրական լարերի անսարքության պատճառով երեկ երեկոյան հրդեհ է բռնկվել: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։ Հրդեհը վնասել է միայն մեր պատշգամբը»։
Սրճարանի աշխատակազմը խոստացել է՝ մի քանի օրից կվերաբացվեն։
Այս սրճարանը գործում է 2021 թվականից․ շահագործող ՍՊԸ-ն «Իմպորտանտե»-ն է, որը պատկանում է Հակոբ Մանուկյանին, Գարիկ Առուստամյանին և Դավիթ Բեկիրսկուն։