Փաշինյանի հարցերը, Շաբոյանի պատասխաններն ու Աբրահամյանի հորդորը

Այսօր ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, դիմելով Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին, ասաց, որ անհրաժեշտ է  ուսումնասիրություններ իրականացնել  նաև մամուլի հրապարակումների հիման վրա: Պատգամավորը հետաքրքրվեց, թե հանձնաժողովն ինչո՞ւ չի դիմել «Կարֆուրին»՝  պատասխան ստանալու համար: Հաջորդ դիտարկումը վերաբերում էր ՏՄՊՊՀ-ի 2012թ. վերջին հաշվետվությանը, որի համաձայն՝ ՀՀ-ում շաքարավազի շուկայի 99%-ը զբաղեցնում է մեկ ընկերություն: «Կարո՞ղ եք բացատրություն տալ՝ ինչո՞ւ է տարիներով այս երևույթը շարունակվում»,- հարցրեց պատգամավորը։ Նա նաև ընդգծեց, որ հաշվետվության համաձայն ՝ այս ոլորտում առկա են ևս հինգ ընկերություններ, և խնդրեց «բացահայտել այդ սենսացիոն տեղեկատվությունը»: Ն. Փաշինյանի հաջորդ հարցադրումը վերաբերում էր ավիացիոն ոլորտում վերջերս ստեղծված իրավիճակին: Ա. Շաբոյանը նշեց, որ իրենք  մամուլի փորձել են «Կարֆուր» ընկերության ներկայացուցիչներին հրավիրել քննարկման, որպեսզի հասկանան խնդիրը և ուսումնասիրություններ անցկացնեն: «Եթե ընկերությունն ունի խնդիրներ, ապա պարտավոր է գալ և ներկայացնել այդ խնդիրները»,-ասաց Ա. Շաբոյանը, ում խոսքով՝ իրենք պատրաստ ենք անգամ բաց քննարկումների: Ինչ վերաբերում է հաջորդ հարցին՝ շաքարավազի շուկայում առկա մենաշնորհին, ՏՄՊՊՀ-ի նախագահը նախ չհամաձայնեց այդ սահմանը՝ ասելով, թե բացի պետականորեն ամրագրված մենաշնորհներից՝ ՀՀ-ում չկան մենաշնորհներ, սակայն կան գերիշխող դիրք ունեցող սուբյեկտներ: Իսկ իրենց խնդիրն էլ համարեց այն, որ պետք է թույլ չտան այդ ընկերություններին չարաշահումներ անել: Վերջինս անդրադառնալով շաքարավազի ներմուծմամբ զբաղվող ընկերությունների անուններ թվարկելու հարցին՝  նշեց, որ կան մի քանի ընկերություններ, ինչպես օրինակ, «Գրանդ քենդին», «Կոկա-կոլան» և այլն: «Ինչո՞ւ է գերիշխող դիրք զբաղեցնում «Ալեքս գրիգ» ընկերությունը տվյալ շուկայում, ապա դա էլ իր տրամաբանական բացատրությունն ունի, որովհետև կոնկրետ շաքարավազն արտադրվում է մեր հանրապետությունում, այսինքն՝ հումքը ներդրվում է և տեղում իրականացվում է շաքարավազի արտադրություն»,-ասաց Ա.Շաբոյանը: Իսկ ինչ վերաբերում է ավիացիոն ոլորտում վերջերս ստեղծված իրավիճակին՝  նա նշեց, որ հանձնարարել է ուսումնասիրություններ իրականացնել այդ ուղղությամբ: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ իր հերթին հորդորեց Ա. Շաբոյանին, որպեսզի պարզեն, թե ինչո՞ւ են ավիատոմսերի գները բարձրացել:

 

Տեսանյութեր

Լրահոս