Ադրբեջանցիների գրեթե 84 տոկոսը կողմ է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը
Ադրբեջանի սոցիլոգիական հետազոտությունների կենտրոնի հարցումների համաձայն՝ ադրբեջանցիների գրեթե 84 տոկոսը կողմ է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռ/կ-ն։
Հարցին, թե «աջակցո՞ւմ եք արդյոք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը», հարցվածների 83,8 տոկոսը դրական պատասխան է տվել, 13,5 տոկսը դեմ է արտահայտվել, 2,7 տոկոսը դժվարացել է պատասխանել։
Հարցումն անցկացվել է հունիս ամսին, Ադրբեջանի 12 շրջաններում, 1152 քաղաքացիների շրջանում։
Սոցիալական հետազոտությունների կենտրոնը հայտարարել է, որ «այս թեմայով անցկացված նախորդ հարցումների արդյունքները մեզ թույլ են տալիս նշելու խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում հասարակության դրական միտումը»։
Հայաստանը հայտարարում է, որ պատրաստ է մեկ ամսում ամբողջացնել ու ստորագրել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը, Բաքուն, սակայն, պնդում է՝ եթե Հայաստանի Սահմանադրությունը չփոփոխվի, խաղաղության պայմանագրի կնքումն ուղղակի անհնար է։ Հայաստանը սա միջամտություն է համարում երկրի ներքին գործերին։