«Կարծիքս մնում է անփոփոխ՝ սա կործանարար իշխանություն է». Մովսես Հակոբյան
Ապրիլի 23-ին Նիկոլ Փաշինյանը նախ ֆեյսբուքյան պաշտոնական իր էջում լուսանկար տեղադրեց ու տեղեկացրեց՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է առաջին սահմանային սյունը, ապա Կառավարության պաշտոնական էջում տեղադրվեցին լուսանկարներ կից հաղորդագրությամբ.
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը։
Այսօր արդեն 4 տասնյակից ավելի սյուներ են տեղադրվել սահմանին, իսկ այն տարածքները, որոնք ՀՀ իշխանությունը հանձեց Ադրբեջանին, այնտեղ արդեն երկուստեք տեղակայվել են սահմանապահներ։
Ու թեև Նիկոլ Փաշինյանը չի երաշխավորել խաղաղություն, այդուհանդերձ հայտարարել է, որ սյուների տեղադրմամբ Ադրբեջանի հարձակման ռիսկերը կնվազեցվեն։
168.am-ի հետ զրույցում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն ասաց, որ Տավուշում ո՛չ սահմանային սյուները, ո՛չ փշալարերը, ո՛չ էլ սահմանապահները չեն կարող ապահովել խաղաղություն։
«Երկրի անվտանգությունն ապահովում է երկրի քաղաքական իշխանությունը և երկրի Զինված ուժերը։ Մնացած ամեն ինչ՝ դիրքը, բունկերը, սահմանային սյունը, որևէ բան չեն անում, մասնավորապես՝ Ադրբեջանի դեպքում։ Այդ ամենն ընդամենն օգնում է իշխանություններին ու Զինված ուժերին՝ անվտանգությունն ապահովելու հարցում։
Թե այսօր ՀՀ իշխանությունը որքանո՞վ է ապահովում մեր երկրի անվտանգությունը, սրա վերաբերյալ վաղուց եմ կարծիքս հայտնել ու այդ կարծիքը մնում է անփոփոխ՝ սա կործանարար իշխանություն է»,- նշեց Մովսես Հակոբյանը։
Ըստ Մովսես Հակոբյանի, այսօր բոլորի համար էլ պարզ է, թե ինչ է տեղի ունենում Տավուշում, հետևաբար՝ խաղաղության մասին խոսք անգամ լինել չի կարող։
Ի դեպ, այս տարի ապրիլի 19-ին ՀՀ Արտգործնախարարությունը հաղորդագրություն տարածեց ՀՀ և ԱՀ սահմանին նույն օրը տեղի ունեցած երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների ութերորդ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Դրանցից մեկով պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ավարտին հասցնել երկու պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները մինչև 2024թ. հուլիսի 1-ը և մեկնարկել դրա ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացը:
Այսինքն՝ առավելագույնը երկու օրից պետք է պատրաստ լինի կանոնակարգի նախագիծը: Եթե փաստաթուղթը միջպետական է, ապա ամենայն հավանականությամբ այն պետք է վավերացնի տվյալ երկրի խորհրդարանը: Սակայն բոլորովին վերջերս Ադրբեջանի գործող խորհրդարանն արձակվեց և երկրի նախագահի կարգադրությամբ արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակվեց այս տարվա սեպտեմբերի 1-ին: Այսինքն, եթե անգամ կանոնակարգի նախագիծը պատրաստ է, վստահաբար դեռ մի քանի ամիս ադրբեջանական կողմն այն վավերացնել չի կարող: