Ի՞նչ են հայտարարագրել հայր և որդի Արղամանյանները

168.am-ը շարունակում է ընտանեկան հայտարարագրերի հանրայնացումը։ Դատական համակարգում հայրեր-որդիներ խորագրի ներքո Չիչոյաններին հաջորդում են Արղամանյանները։

Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնը կոնստանտ է, մնացած ամեն ինչը՝ անցողիկ

2024 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված հայտարարագրերից տեղեկանում ենք՝ Մհեր Արղամանյանը, որ 1999 թվականից մինչ օրս Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է, չի հայտարարագրել անշարժ գույք։ Մինչդեռ նրա կինը՝ Նարինե Մկրտչյանը, իր հայտարարագրում նշել է 2003 թվականին գնված և միանձնյա սեփականության իրավունքով տնօրինվող հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով անհատական բնակելի տուն՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքում։

Միակ գույքը, ինչի մասին Մհեր Արղամանյանը նշել է իր հայտարարագրում, շարժականն է՝ 2021 թվականի մայիսին գնված 2011 թվականի արտադրության «Հոնդա» մակնիշի մեքենա։

Կարդացեք նաև

Դատավոր՝ Արղամանյան ավագը 2016 թվականից գնել է Յունիբանկ ԲԲԸ-ի բաժնետոմսեր, որոնց արժեքը 2 միլիոն 300 հազար դրամ է։

Հանձնված և վերադարձված փոխառություններ տողից էլ տեղեկանում ենք «Լուսատեխնիկ» ԲԲԸ-ից ստացված երկու փոխառության մասին․ Տվյալ տարվա վերջում առկա փոխառության գումարը և արժույթը՝ համապատասխանաբար՝ կազմել է 27,400,000 և 7,920,000 դրամ։

Դատավորի բանկային ավանդների մնացորդը տարեսկզբին եղել է 1,601,000 դրամ, իսկ տարեվերջին աճել է շուրջ 5,5 միլիոն դրամով և կազմել 6,692,800 դրամ, իսկ տարեսկզբի 4,240,000 կանխիկ դրամը տարեվերջին նվազել է՝ կազմելով 3,500,000 դրամ։

Մհեր Արղամանյանի տարեկան եկամուտը՝ 16,947,792 դրամը, գոյացել է Յունիբանկ ԲԲԸ-ից՝ 276 000 դրամ, «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ից ստացված կենսաթոշակից՝ 571,859 դրամ, «Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ դատական դեպարտամենտ»-ից՝ 16,099,933 դրամ։

Պաշտոնյան հայտարարագրել է նաև 25,880,538 դրամ վարկի մայր գումարի մնացորդ․ հիփոթեքի առարկա է նշվել՝ «Հատուցման դիմաց ք․ Երևան, Արաբկիր համայնք, Կոմիտաս 59 հասցեում կառուցվող շենքից A մասնաշենքի թիվ 16 նախագծային համարով, 78․89 քառակուսի մետր ընդհանուր մակերես տվյալներով անշարժ գույքը գնելու իրավունքը»։

Թմբուկ խփողից՝ մինչև մուրճ խփող

Մհեր Արղամանյանի որդին՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանը, որին մամուլը հաճախ հիշում է՝ որպես 2018 թվականի թավշյա իրադարձությունների ժամանակ թմբուկ խփող, քաղաքական հնչեղության գործերով կալանքի որոշումներ կայացնող դատավորների թվին է պատկանում։

Թե ի՞նչ է հայտարարագրել երիտասարդ այս դատավորը՝ ստորև։

Կրտսեր Արղամանյանը ևս անշարժ գույք չի հայտարարագրել։ Գույք չի հայտարարագրել նաև նրա կինը՝ Լիա Սուքիասյանը, որը նոտարի օգնական է։ Դատավորի հայտարարագրում նշվում է միայն մեկ շարժական գույքի՝ 2015 թվականի արտադրության «Հոնդա» մակնիշի մեքենայի մասին, որը գնել է 2019 թվականին։

Ինչպես Մհեր Արղամանյանի պարագայում՝ Դավիթ Արղամանյանի հայտարարագրում ևս հանձնված և վերադարձված փոխառություններ տողում հիշատակվում է «Լուսատեխնիկ» ԲԲԸ-ից ստացված փոխառության և 25,880,538 դրամ վարկի մայր գումարի մնացորդի մասին։

Դատավորի դրամական միջոցները

Պաշտոնյայի բանկային հաշվի մնացորդները տարեսկզբին կազմել են 425,714 դրամ, իսկ տարեվերջին՝ 169,835 դրամ։

Էլեկտրոնային հաշիվներ և կրիպտոարժույթներ աղյուսակում տպավորիչ տվյալներ է ներկայացրել Արղամանյանը՝ նա հայտարարագրել է՝ կրիպտոարժույթ / Clover Finance, Terra Classic, Moonriver, Waves․ գումարի չափը հայտարարագրել է մասնակի։

Տարեկսկզբի կանխիկ 4 միլիոն դրամը տարեվերջին նվազել է 1 միլիոն դրամով, իսկ հաշվետու տարվա եկամուտը՝ 7,564,731 դրամ, գոյացել է «ՀՀ բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ դատական դեպարտամենտ»-ից ստացված աշխատավարձից։

Տեսանյութեր

Լրահոս