Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կես միլիոն դոլարի պարտատոմսեր է գնել «Արդշինբանկից». «Հետք»
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը 2023 թվականի տարեվերջին կես միլիոն դոլարի պարտատոմսեր է գնել «Արդշինբանկից»։ Այս գործարքում հետաքրքրականն այն է, որ 2022 թվականին փոխվարչապետն ավելի քան 2 միլիոն դոլարով վաճառել էր նույն «Արդշինբանկում» ունեցած իր 1.000056% բաժնետոմսերը։
«Հետքը» գրում է, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2023թ․ գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիր, ինչից պարզ է դառնում, որ նա 2023 թվականի դեկտեմբերի 4-ին «Արդշինբանկից» 511 700 դոլարի պարտատոմսեր է գնել։
Մհեր Գրիգորյանը 2011-2018թթ․ եղել է «Արդշինբանկի» վարչության նախագահը, ինչպես նաև տիրապատել է բանկի բաժնետոմսերի 1,000056 տոկոսին։ Փոխվարչապետ նշանակվելուց հետո, օրենքի համաձայն, Մհեր Գրիգորյանը թողել է «Արդշինբանկի» իր վարչական պաշտոնը, սակայն բաժնետոմսերը պահպանել է մինչև 2022 թվականը։ Նրան պատկանող բաժնետոմսերի անվանական արժեքը կազմել է 502 մլն 300 հազ․ դրամ, որոնք նա 2022թ․ վաճառել է մոտ կրկնակի ավել գնով՝ 962 մլն դրամով։
Մհեր Գրիգորյանն իր բաժնետոմսերը վաճառել էր «Արինս Գրուպ» ՍՊԸ-ին, որն այժմ «Արդշինբանկի» 98,67 տոկոսի սեփականատերն է։ «Արինս Գրուպի» սեփականատերն էլ «Արդշինբանկի» խորհրդի նախագահ Կարեն Սաֆարյանն է։
Ըստ Մհեր Գրիգորյանի ներկայացրած հայտարարագրի՝ նա պահպանել է իր ունեցած 5 միավոր անշարժ գույքը՝ բնակելի տուն և հողամաս Աշտարակ քաղաքում, 1 բնակարան և 2 ավտոտնակ Երևանի կենտրոն վարչական շրջանում։
Որպես դրամական միջոց Մհեր Գրիգորյանը հայտարարագրել է 4,6 մլն դրամ բանկային հաշվին և 70 մլն դրամ կանխիկ, որն ի դեպ տարիներ շարունակ անփոփոխ արտացոլվում է փոխվարչապետի հայտարարագրերում։ 2023 թվականին Մհեր Գրիգորյանի եկամուտները կազմել են մոտ 30 մլն դրամ, որից 24 միլիոնը՝ փոխվարչապետի աշխատավարձն է, իսկ մնացածը՝ բանկում ունեցած ավանդներից ստացած եկամուտը։