Ադրբեջանի քաղաքականությունն է՝ բռնազավթել հայկական ժառանգությունը, ՀՀ պետական մակարդակով հակադարձում գոյություն չունի. Համլետ Պետրոսյան
Տավուշում ՀՀ իշխանությունների համաձայնությամբ և աջակցությամբ Կիրանցից և Ոսկեպարից Ադրբեջանին տարածքներ տալուց հետո, Ադրբեջանն ավելի է ակտիվացրել հայկական ժառանգությունն «աղվանական» ներկայացնելու քարոզչությունը։
«Monument Watch»-ը ահազանգում է, որ Ադրբեջանը կրկին սկսել է Կիրանցի և Ոսկեպարի եկեղեցիների շինաշխատանքների դեմ բողոքել՝ հայտարարելով, որ դրանք «աղվանական» են։
168.am-ի հետ զրույցում Տիգրանակերտի պեղումների հնագիտական արշավախմբի ղեկավար, Monument Watch գիտական ծրագրի ղեկավար Համլետ Պետրոսյանն ասաց, որ Ադրբեջանի այս քարոզչությունը նոր չէ՝ դեռևս 80-ականների վերջերից Ադրբեջանն ակտիվորեն վիճարկում էր Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու պատկանելության հարցը։
«Երբ Ոսկեպարում բախումներ էին սկսվել, Ադրբեջանը հայտարարում էր, թե այն աղվանական է։ Հիմա էլ Արցախի 44-օրյա պատերազմից հետո արդեն ամբողջ Հայաստանի նկատմամբ են այդ մեթոդները բանեցնում։ Եթե Սանահինը, Հաղպատը կամ այլ հայկական հուշարձան կարող է հայտարարվել աղվանական, ապա ի՞նչն է նրանց խանգարում նույնն անել Ոսկեպարի եկեղեցու դեպքում։ Այսինքն՝ սա Ադրբեջանի մշտական քաղաքականությունն է՝ աղվանականացնելու ճանապարհով բռնազավթել հայկական ժառանգությունը։ Ամեն անգամ, տարբեր առիթներով այս նույն անիվն իրենց կողմից պտտեցվում է»,- նշեց Համլետ Պետրոսյանը։
Համլետ Պետրոսյանի համոզմամբ՝ Ադրբեջանի վարած այս քաղաքականությանը պետք է լինի պետական մակարդակով հակադարձում։
«Պետական մակարդակում հակադարձում գոյություն չունի և գոյություն չունի ոչ միայն այս դեպքում, այլև Արցախի, Ուտիքի դեպքերում։ Քանի անգամ առաջարկել եմ, որ եթե պետությունը կարծում է, որ իր քաղաքականությունից ելնելով՝ այս ամենին հակադարձելն այդքան հարմար չէ, կարող է ստեղծել ինչ-որ վարչագիտական կազմակերպություն, որին պետությունը կպատվիրակի այդ պարտականությունը, որի հակադարձումները կընկալվեն՝ որպես պետության կողմից արվող հակադարձումներ։ Այդ ամենը չի արվել և, ցավոք, այսօր այդ ամենը մնում է առանձին անհատների ուսերին։ Մենք ամեն շաբաթ գրեթե երկու-երեք ահազանգ ենք ստանում մեր կազմակերպությունում, գնում ենք համապատասխան հուշարձանների մոտ։ Անում ենք որոշ բաներ, բայց մեր ասածն ակադեմիական հետազոտողների ասած է։ Այդ դեպքում ստացվում է, որ մենք զիջում ենք Ադրբեջանի պետական քաղաքականությանը՝ լինելով անհատներ ու խմբեր։ Սա բացարձակապես ընդունելի չէ։ Ես իմ համեստ կարողություններով փորձել եմ այդ հարցը բարձրաձայնել։ Փորձել ենք բարձրաձայնել Արցախի այն շարժական ժառանգության հարցը, որը մենք ստիպված ենք մեզ հետ բերել այստեղ, Ադրբեջանը սպառնում է, որ կդիմի միջազգային դատարաններ»,- շեշտեց Համլետ Պետրոսյանը։
Ըստ նրա, պետությունը գոնե մեկ անգամ չի հակադարձել Ադրբեջանին, որ դա արցախահայության սեփականությունն է։ Բազմիցս գրավոր, մասնագիտական անհրաժեշտ հիմնավորումներով ու պարզաբանումներով դիմել են ԿԳՄՍ նախարարություն, Ազգային անվտանգության խորհրդին, եկեղեցուն, որպեսզի խելքի գան ու համատեղ հայտարարություն անեն, սակայն ոչինչ չեն արել։
«Գուցե մտածում են այս բարձիթողի վիճակն ավելի ձեռնտու է իրենց»,- նշեց Համլետ Պետրոսյանը։