Հունիսի 12-ին ոստիկանությանը բոլոր հրահանգները տրվել են ԱԺ ներսից, գլխավոր ստախոսի կողմից. Սրբազան

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը քաղաքական հետապնդում է որակում GG ընկերության գրասենյակում անցկացված խուզարկությունները, ինչպես նաև վերջին օրերի զանգվածային ձերբակալությունները։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցներն այսօր առգրավվել են այդ ընկերության գրասենյակի բոլոր 26 համակարգիչները։

«Մեր երկրում ո՛չ իրավաչափություն կա, ո՛չ էլ օրինականություն։ Ոստիկանությունը գերազանցել է բոլոր տեսակի սահմանները։ Իրավապահ համակարգը դարձել է բութ գործիք այս իշխանության ձեռքին, որի ձեռքերն արյունոտ են։ Իրավապահները գործիք են դարձել բողոքի շարժման անդամների քաղաքական հետապնդումների համար։ ՀՀ–ում քաղաքացիների իրավունքները որևէ կերպ պաշտպանված չեն։ Իրենք փորձում են ահաբեկել տարաբնույթ կառույցների և կազմակերպությունների, ինչպես նաև կուսակցությունների և անհատների, որոնք ամբողջ ընթացքում ճշմարտության պայքարի մեջ են եղել։ Ահաբեկելով դուք ոչնչի չեք հասնի, և բոլոր գործողությունները համարժեք պատասխան կստանան»,– ասաց սրբազանը ուղիղ եթերում։

Նա անդրադարձավ GG ընկերության գրասենյակում կատարված խուզարկություններին և նշեց` դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ընկերության սեփականատեր Խաչատուր Գրիգորյանի Գրիգորյանի դիրքորոշումը և հայացքները տարբերվում են ՀՀ իշխանության դիրքորոշումից և հայացքներից։

Դիմելով միջազգային կազմակերպություններին և դեսպաններին` սրբազանը նշեց, որ նրանք իրենց լռությամբ դավաճանում են սեփական արժեքներին և ոչնչացնում իրենց վարկանիշը։

Նշենք, որ փաստաբան Սերգեյ Հարությունյանի խոսքով` GG ընկերության դեմ գործը շինծու է և ապօրինի. պատճառը ընկերության սեփականատեր Խաչատուր Գրիգորյանի գրառումն է և քաղաքական դիրքորոշումը։

Տեսանյութեր

Լրահոս