Բագրատ սրբազանը մինչև երկուշաբթի ժամանակ է տալիս իշխանությանը. «Ազատություն»

Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի իրադարձություններից երկու օր անց իշխանությունը մեղադրում է Բագրատ սրբազանին՝ պետական պաշտոնյաների նկատմամբ մահափորձ կազմակերպելու համար։

«Կաթողիկոս, դու օրհնել ես Բագրատի կողմից ղեկավարվող շարժումը, ով հստակ պլանավորված հարձակվել է Ազգային ժողովի վրա, պետական ինստիտուտների վրա, փորձել է գտնել և մահափորձ իրականացնել պետական պաշտոնյաների նկատմամբ՝ կաթողիկոսի օրհնությամբ», – ասել է ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

«Ազատություն» ռադիոկայանը գրում է՝ չնայած «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարի կողմից կաթողիկոսի և Բագրաստ սրբազանի հասեցին հնչող այս լուրջ մեղադրանքներին, մինչև այս պահը իրավապահ մարմինները մահափորձի հոդվածով քրեական վարույթ չեն նախաձեռնել և որևէ կասկածյալ չեն ներգրավել։

Պետական պաշտոնյաներին գտնելու և նրանց նկատմամբ մահափորձ իրականացնելու հայտարարությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարն արել է այսօր  խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, պատասխանելով «Ազատության» հարցին, թե ինչպե՞ս է իշխանությունը պրոֆեսիոնալ որակում ոստիկանների գործողությունները, երբ դրանց հետևանքով ավելի քան 100 մարդ է վիրավորվել։ Մեր այս հարցը իշխող խմբակցության քարտուղարը անհանգստացնող որակեց:

«Հատկապես եթե այդ հարցադրումը «Ազատություն» ռադիոկայանից է հնչում, ես որոշակի անհանգստություններ ունեմ այս իմաստով: Այն իմաստով, որ հարցադրում է հնչում բացառապես ոստիկանական գործողությունների երևակայական անհամաչափության մասին: Ես ակնկալում եմ, որ հարցադրումներ կհնչեն, թե ինչպե՞ս է եղել, որ պատմության մեջ առաջին անգամ, Հայաստանի նորանկախ պատմության մեջ նման հարձակում է տեղի ունենում Հայաստանի պետականության վրա՝ կաթողիկոսի օրհնությամբ: Ես չեմ հասկանում, հարգելի լրագրողներ, չե՞ք ուզում հարցնել, հարցումներ ուղարկել Հայ առաքելական եկեղեցու առաջնորդներին: Սա Հայաստանի լրատվամիջոցների լրագրողներին պետք է հետաքրքրի ճեպազրույցի ընթացքում, և այս հարցերն են առաջին հերթին հարցերը. էդ, որ քարերը մանրացնում են, էդ, որ Բագրատն ասում է՝ սիրելի ոստիկաններ, հանեք ձեր սաղավարտները, հետո քարով տալիս է ոստիկանների գլխին, Բագրատն է տալիս», – հայտարարել է Հովհաննիսյանը:

Քննչականը քրեական գործը հարուցել է զանգվածային անկարգությունների հոդվածով ու հայտարարել, որ աշխատում են դրանց կազմակերպիչներին հայտնաբերելու, նույնականացնելու ուղղությամբ։ Բայց մինչ այս պահը չի հայտարարվել գործի շրջանակում ենթադրյալ կասկածյալների անունները։ Պաշտոնական հաղորդագրության մեջ անձամբ Բագրատ սրբազանի կողմից քարեր նետելու մասին որևէ հիշատակում չկա։

Բագրատ սրբազանը մինչև երկուշաբթի ժամանակ է տալիս իշխանությանը՝ փաստեր ներկայացնել, թե իբր ինքը «պլանավորել է գտնել ու մահափորձ կազմակերպել պետական պաշտոնյաների նկատմամբ»։

«Սա լուրջ մեղադրանք է, և մինչև երկուշաբթի, եթե իրենք փաստեր չներկայացրեցին, իրավական գործընթացով իրենց ստիպելու եմ, որ ներկայացնեն և ստիպելու եմ, որ ներողություն խնդրեն՝ իր բոլոր հետևանքներով։ Սա արդեն լուրջ մեղադրանք է, և ամբողջ հետևանքները պետք է կրեն էդ մարդիկ», – նշել է Գալստանյանը:

Արձագանքելով ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հնչեցրած մյուս մեղադրանքին, թե իբր արեքեպիսկոպոսը քար է նետել ոստիկանի վրա, Բագրատ Գալստանյանն ասաց. «Ով անունով նման մեղադրանքներ է ներկայացնում և փաստեր կներկայացնեն, շատ լավ, մինչև երկուշաբթի ժամանակ ունեն, իրավական դաշտում իրենք պետք է ամենածանր հետևանքներով պատասխան տան»։

Տեսանյութեր

Լրահոս