«Բարի անունը լավ է մեծ հարստությունից»
Ձգտելով մեծին ու բարձրին՝ մարդը երբեմն, անհագուրդ վազքի մեջ մտնելով, կարող է անտեսել անգամ այն սահմանը, որ աստվածատուր է և բնական: Այս ձգտումն էլ կործանում է մարդուն, նա չի ցանկանում ճանաչել իր սահմանները, այլ ագահության մոլուցքով տարված, երազում է այն, ինչ իրենից բարձր է: Մոլությունը, ավելին ունենալու, մոռացնել է տալիս իր ունեցածը, և նա փորձում է բարձրանալ ավելի վեր ու վեր՝ մոռանալով իր բնությունը, մոռանալով, որ վերևից անկումը ավելի սարսափելի է ու սոսկալի:
Ի՞նչն է դրդում մահկանացու մարդուն այդ անհագուրդ վերելքին:
«Եկեք մեզ համար քաղաք կառուցենք և աշտարակ, որի գագաթը հասնի մինչև երկինք: Համբավ ձեռք բերենք ողջ աշխարհով մեկ սփռվելուց առաջ» (Ծննդոց 11:4):
Իսկ ի՞նչ անուն և հիշատակ թողեցին նրանք: Բաբելոնի աշտարակը կառուցողների ջանքերը ապարդյուն անցան. կիսակառույց աշտարակը թողեցին և հեռացան: Աստված տեսնելով, որ նրանք բնական սահմանները խախտելով, նախկին պատուհասը՝ ջրհեղեղը, դաս չունենալով, ոչնչի առջև կանգ չեն առնում, ասաց. «Սրանք մեկ ժողովուրդ են, ունեն մեկ լեզու և սկսել են այդ գործն անել: Արդ ոչինչ չի խանգարում նրանց, որ կառուցեն այն, ինչ կամենում են: Արի իջնենք և խառնենք նրանց լեզուն այնպես, որ ոչ մեկը չհասկանա իր ընկերոջ ասածը»: Տեր Աստված խառնեց ամբողջ երկրի բնակիչների լեզուները և այնտեղից նրանց սփռեց ողջ աշխարհով մեկ, այդ տեղն էլ կոչվեց Խառնակություն (Բաբելոն) (Ծննդոց 11:6-9):
Անդրադառնալով Բաբելոնի աշտարակաշինությանը՝ տեսնում ենք, որ այս ոչ աստվածահաճո ձեռնարկի արմատը մահացու մեղքերից առաջինն է՝ հպարտությունը: Աստվածաշնչյան այս պատմությունը ուսուցանում է՝ անարդյունք է նման կերպով անուն ձեռք բերել: Քանի որ անուն ձեռք բերելու փոխարեն ավելի շուտ կշտամբանքի խոսքեր կարող են հետևել՝ թե ինչպե՞ս կամ ո՞ւմ փողով է կառուցվել այս կամ այն շինությունը: Նման խոսակցությունները անուն, համբավ, իսկ առավել ևս բարի անուն թողնելու մասին բնավ չեն խոսում:
Իսկ բարի անուն և հիշատակ թողնելու մասին Սբ. Հովհան Ոսկեբերանը հետևյալ ուղին է մատնանշում. «Եթե քո հարստությամբ օգնես կարիքավորին, այդ կերպ քեզանից հետո կթողնես թանկարժեք քարեր, շքեղ առանձնատներ և այլ հարստություններ: Այդ դեպքում ամեն օր կհիշեն քեզ, մահից հետո էլ կգովաբանեն: Այդպիսի հիշողությունն անմահ է, այդպիսի հիշողությունը քեզ համար պատճառ է հանդիսանում հազարավոր գանձերի, այդպիսի հիշողությունը կթեթևացնի քեզ ծանր մեղքերից և Աստծո առջև կանգնելու խիզախություն կպարգևի: Քո մասին կխոսեն՝ անվանելով քեզ ողորմած, մարդասեր, բարի և առատաձեռն: «Բաժանեց նա ու տվեց աղքատներին. նրա արդարությունը կմնա հավիտյանս հավիտենից» (Սաղմոս 111:9): Այդպես և լինում է հարստության հետ, երբ այն բաժանում ես, է՛լ ավելի է պահպանվում, իսկ պահելու դեպքում այն կործանում է անգամ տիրոջը»:
Աստվածաշնչյան կերպարներից Տաբիթային՝ թարգմանաբար Այծեմնիկին, մահից հետո էլ հիշում էին այրի կանայք:
«Բոլոր այրի կանայք հավաքվեցին Պետրոսի շուրջը. լաց էին լինում և ցույց տալիս այն շապիկներն ու հագուստները, որ Այծեմնիկը իր ողջ եղած ժամանակ կարել էր իրենց համար» (Գործք Առաքելոց 9:39): Եվ նրա բարի անվան հիշատակությունն էլ նպաստեց նրան, որ նա Հիսուս Քրիստոսի անունով կյանքի վերադարձավ:
Տաբիթայի անվան կողքին մի շարք անուններ կարող ենք հիշել թե՛ Սուրբ Գրքից և թե՛ մեր պատմությունից, ովքեր բարի գործերով արժանացել են իրական փառքի և անմահ հիշատակի:
Օրինակ, ինչպես հաստատում է Ասողիկ պատմիչը, Աշոտ Ողորմած արքան (953-977թթ.) իր խոնարհությամբ և ողորմածությամբ գերազանցում էր ամենքին: Բացի եկեղեցիներից կառուցել է նաև հիվանդանոցներ և բորոտանոցներ, որտեղ անձամբ ինքն էր խնամում վարակիչ հիվանդներին: Իրեն սեղանակից կաղերին, կույրերին իր արքայական բաժակով էր մատուցում և գավաթի մեջ մնացածն էլ ինքն էր խմում: Իր առատաձեռնությունը չափ ու սահման չուներ, իր մահից հետո արքայական գանձարանում դրամ չկար, մինչև իսկ զարդերը դրամի վերածելով, բաշխել էր կարոտյալներին:
Վերհիշենք բոլորիս քաջածանոթ ամենայն հայոց բանաստեղծի «Թմկաբերդի առումը» պոեմի հետևյալ հատվածը.
Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար:
Այսպիսով, և՛ Աշոտ ողորմած արքան, և՛ Տաբիթան սիրով և բարեպաշտությամբ էին ապրում Աստծո պարգևած յուրաքանչյուր օրը՝ ունենալով կենդանի հավատք բարի գործերով և իրական հարստություն, որ ենթակա չէ ցեցից և ժանգից փչանալու և ոչ էլ գողերի կողմից հափշտակվելու (Մատթեոս 6:19):
Տիրոջ կամքն է, որ քրիստոնյաները՝ եկեղեցու կենդանի քարերը, իրենց ունակությունների և կոչման համապատասխան, հարստանան բարեպաշտության գանձերով, օրինակ, Նոր Կտակարանում Հովսեփը, Լիդիան, Կրիսպոսը միանգամայն բարեպաշտ կյանք էին վարում իրենց արհեստանոցներում, Ակյուղասը և Պրիսկիղան՝ իրենց ընտանիքում, Կոռնելիոսը՝ զինվորական ծառայության մեջ, Կոստանդիանոսը և Հեղինեն՝ գահի վրա:
Մեծ հարստության տեր Սողոմոն արքան ասում է. «Բարի անունը լավ է մեծ հարստությունից» (Առակներ 22:1), ապա մեկ ուրիշ տեղ էլ գրում է, որ արդարների հիշատակը մնալու է գոհաբանությամբ, բայց ամբարիշտների անունը պիտի ջնջվի (Առակներ 10:7):
Կարինե Սուգիկյան