ՆԱՏՕ-ն կաջակցի Կիևին՝ անկախ ԱՄՆ-ի ընտրությունների արդյունքներից. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ Եվրոպան և ԱՄՆ-ն կշարունակեն օգնություն ցուցաբերել Ուկրաինային նաև ԱՄՆ-ում նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից հետո: Այս մասին ՆԱՏՕ-ի ղեկավարը հայտնել է Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Եվրոպական դաշնակիցները և ԱՄՆ-ն կշարունակեն աջակցել Ուկրաինային, քանի որ դա բխում է մեր անվտանգության շահերից: Կարծում եմ, որ ԱՄՆ-ն նույնը կանի՝ անկախ ընտրությունների արդյունքներից», – ասել է նա։
Ստոլտենբերգն ափսոսանք է հայտնել, որ «սառը պատերազմի» ավարտից հետո Արևմուտքը բավարար ուշադրություն չի դարձրել իր ռազմական արդյունաբերության զարգացմանը։
«Համաձայն եմ, որ Ռուսաստանն իր ռազմական արդյունաբերությունն ավելի արագ է զարգացրել, քան մենք ակնկալում էինք, և ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ավելի երկար ժամանակ է պահանջվել արտադրությունը մեծացնելու համար, քան պետք էր», – ասել է նա:
Դաշինքի գլխավոր քարտուղարը նշել է, որ ներկայում իրավիճակը փոխվում է։ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները մեծացնում են զենքի արտադրության կարողությունները, իսկ «ԱՄՆ-ն կրկնապատկել է 155 միլիմետրանոց արկեր արտադրելու իր հնարավորությունները»։
Ստոլտենբերգը նաև աջակցություն է հայտնել այն բանին, որ մի շարք երկրներ վերացրել են Ռուսաստանի տարածքում օբյեկտներին հարվածներ հասցնելու համար արևմտյան զենքի օգտագործման սահմանափակումները՝ դա համարելով Ուկրաինայի ինքնապաշտպանության իրավունքը։