ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող հայ գերիներին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Բաքվի գրասենյակի աշխատակիցներն այցելել են Ադրբեջանի կողմից պահվող հայ գերիներին։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Տեսակցություն է եղել այն բոլոր անձանց հետ, որոնց Բաքվում գտնվելը հաստատված է ադրբեջանական իշխանությունների կողմից»,-նշեց Ամատունին՝ հավելելով, որ այդ մարդկանց թվում են նաև Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։
2024 թվականի հունվարի 5-ի դրությամբ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ը հայտնվել են այնտեղ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո։ Ադրբեջանական կողմը ձերբակալել է ԼՂ նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին։