Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝այսօր՝ մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:45-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 47 կմ հատվածում՝ Արարատի վարչական տարածքում, բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և «Renault» մակնիշի բեռնատարը։
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվավածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգության բժիշկների հերթապահ խումբը և Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Փրկարարները «Mercedes»-ի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Կայքի տեղեկություններով՝ բեռնատարը եղել է կայանված, երբ «Mercedes»-ը բախվել է նրան: