Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի
Ապրիլի 23-ին պայթյուն և փլուզում է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորատուս գյուղի գերեզմաններում պայթյուն է եղել և կա զոհ։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ գյուղի գերեզմանատան մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով փլուզվել է գերեզմանի պարսպի մի հատված։ Ոստիկանները, պարեկներն ու փրկարարները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու դի։
Թե ինչն է եղել պայթյունի պատճառը, ոչ միայն ոստիկանությունն է պարզում, այլ նաև ահազանգով դեպքի վայր ժամանած ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչները։ Տեղում է նաև փորձաքրեագետը։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, սպանություն, թե ինքնասպանություն, նույնպես պարզվում է։