ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների գործընթացին. Տոյվո Կլաար
Եվրամիությունը լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների գործընթացին և համապարփակ ու տևական կարգավորման նպատակին։
Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
«Հուսադրող նորություններ ստացանք Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքի և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի և իրավական փաստաթղթերի հիման վրա սահմանազատման գործընթաց սկսելու վերաբերյալ»,–նշել է Կլաարը:
Նա ընդգծել է՝ ԵՄ-ն լիովին աջակցում է բանակցությունների գործընթացին և համապարփակ ու տևական կարգավորման նպատակին։
Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության հետ կապված վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին։ Վարչապետի աշխատակազմից նշել են, որ հայտարարության համաձայն՝ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները, եւ հաջորդ քայլով այդ սահմանները պետք է ճշտվեն եւ արտահայտվեն նաեւ գետնի վրա։ Գործընթացի քարտեզագրական հիմքը ԽՍՀՄ ժամանակաշրջանի իրավական հիմնավորում ունեցող ամենաթարմ տոպոգրաֆիկ քարտեզներն են, որոնք կազմվել են նման իրավասություն ունեցող մարմինների կողմից: Վարչապետի աշխատակազմից կարևոր են համարել նաև արձանագրել, որ հանձնաժողովները համաձայնել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, ինչն արձանագրվում է որպես սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք: