Որոշ դատավորներ կարող էին միայն խցերի դռներ բացող-փակող աշխատել. Հայկ Ալումյան. «Հրապարակ»

«Հրապարակի» զրուցակիցը փաստաբան Հայկ Ալումյանն է:

Հասարակությունը վերջին օրերին փոթորկվել է իշխանական Հակոբ Ասլանյանի եւ ՀՀ քաղաքացի, ակտիվիստ Սամվել Վարդանյանի միջեւ տեղի ունեցած միջադեպից։ Գիտեք, երեւի՝ «ՔՊ-ական դավաճան, վիժվածք» անվանելու համար քաղաքացի Սամվել Վարդանյանի նկատմամբ խուլիգանության եւ քաղաքական հայացքներով պայմանավորված հետապնդման մեղադրանք են առաջադրել, ձերբակալել եւ ՁՊՎ տանելու ճանապարհին խոշտանգել։ Իսկ դատարանը տնային կալանք է սահմանել եւ 7 միլիոն դրամի գրավ: Տեղի ունեցածն իրավաչափ համարո՞ւմ եք: 

– Խոշտանգման գործը շատ արագ ու արդյունավետ` բոլոր մանրամասներով պետք է քննվի, խոշտանգողները պետք է կրեն օրենքով նախատեսված պատասխանատվություն: Եթե դա տեղի չունենա, միեւնույն է, թող դրա ետեւում կանգնածներն իմանան` երբ էլ լինի, ոնց էլ լինի, պատասխանատվություն են կրելու: Նման գործերը չունեն վաղեմության ժամկետ: Թող հույս չունենան, որ ինչ-որ ժամանակ կանցնի, եւ իրենք կմոռացվեն, արդյունքում կազատվեն պատասխանատվությունից: Հավանաբար, լավ չեն ուսումնասիրել նոր Քրեական օրենսգիրքը, ուշ թե շուտ՝ այս գործը քննվելու է: Նոր քրեական օրենսգիրքը որոշակի առանձնահատկություններ ունի, որը թույլ չի տալիս անձանց՝ նման դեպքերում խուսափել քրեական պատասխանատվությունից:

Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի երկու՝ խուլիգանության ու տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ ատելություն հրահրող հրապարակային խոսքի հոդվածներով: Որտե՞ղ մնացին դատական համակարգի օբյեկտիվությունն ու անկախությունը: Ի՞նչ է նշանակում՝ ատելության հրապարակային խոսք: Այս հոդվածով կարող են ցանկացած մեկին, ով իշխող ուժին քննադատում է, բանտարկել, այդ թվում՝ լրագրողներին, քաղաքագետներին, քոմենթ գրող ընթերցողներին:

– Զուգահեռներ անցկացնեմ, թող ընթերցողը հետեւություններ անի. երբ ստանձնեցի Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունը, չորս տարի շարունակ իմ մասին բացահայտ ատելության խոսք է տարածվել: Հրապարակային, համացանցում, իմ ամեն մի ելույթի տակ, անգամ նամակներով սպառնալիքներ եմ ստացել: Անգամ բացահայտ ելույթներ են հնչել, կոչեր են արել՝ ինձ վառելու, քառատելու, կենդանի վիճակում թաղելու, տանջելու, սպանելու, ընտանիքիս անդամներին առեւանգելու եւ այլն: Դիմել եմ քրեական գործ հարուցելու համար, սակայն վերոնշյալ բացահայտ բռնության կոչերից եւ որեւէ մեկի համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել: Հիմա այդ գործը Եվրոպական դատարանում է գտնվում: Ընդ որում` ես հազարավոր նման կոչերի մասին եմ խոսում, մեկը չէ, տասը չէ, հազարավոր: Մարդ կար, որ անգամ Վերաքննիչ դատարանի առաջ լրագրողներին հավաքել էր ու հայտարարում էր, որ Քոչարյանի փաստաբաններին պետք է վառել: Ի՞նչ է սա, եթե ոչ ատելության խոսք: Բայց տարիներ անց ոչ ոք չի ենթարկվել որեւէ պատասխանատվության, չեմ խոսում կալանավորվելու մասին, նույնիսկ մեղադրանք չեն առաջադրել:

– Ո՞րն է Հակոբ Ասլանյանի առանձնահատկությունը: Նրա արյունը կապո՞ւյտ է:

– Դե հենց դա եմ ասում: Երբ խոսքն իրենց յուրայինների մասին է գնում, արդեն սկսում ենք հասկանալ, որ կա հստակ կողմնակալություն, երկակի ստանդարտներ են կիրառվում: Երկակի ստանդարտի կիրառումը, եթե պայմանավորված է քաղաքական շարժառիթներով, ապա կարելի է ասել, որ գործ ունենք քաղաքական հետապնդման հետ:

Այդ ամենը եւս մեկ անգամ փաստում է այն մասին, որ մեզանում իսպառ ոչնչացվել է անկախ դատական համակարգը, որ որոշ դատավորներ իշխանություններից կախված խամաճիկների են վերածվել եւ գործում են կամայականորեն՝ օրենքին չեն ծառայում: Ինչո՞ւ է այս համակարգը դարձել այդպիսին:

– Այն դատավորներին, ովքեր աշխատում էին քաղաքական պատվերները հաշվի չառնել, բոլոր հնարավոր ճանապարհներով տեսաք, թե ինչ արեցին: Դատական համակարգը զգալիորեն նվազել է: Դատական համակարգում հայտնվել են մարդիկ, ովքեր առնվազն կարող էին քրեակատարողական ծառայությունում աշխատել, չեմ ուզում նրանց աշխատանքը նսեմացնել, բայց վերջերս դատական համակարգում հայտնվել են այդպիսիք: Տեսնելով նրանց աշխատանքը՝ հավանաբար, նրանք կարող էին միայն խցերի դռներ բացող-փակող աշխատել: Համենայնդեպս` դա իրենց մոտ ավելի պրոֆեսիոնալ կստացվեր:

Պատգամավորներին մոտենալը, նրանց դավաճան անվանելը, դժգոհություն հայտնելը կարո՞ղ են խուլիգանություն դիտարկվել: Սերժ Սարգսյանին ամենավերջին բառերով այս մարդիկ 2018-ին մերժում էին….

– Դավաճան անվանելը չի կարող խուլիգանություն դիտարկվել: Եթե ինչ-որ մեկը «խուլիգան» բառի կիրառումը խուլիգանություն է համարում, ուրեմն կա՛մ տվյալ անձն իրավաբան չէ եւ չի հասկանում, թե ինչի մասին է խոսում, կա՛մ էլ կողմնակալ իրավաբան է:

Տեսանյութեր

Լրահոս