Թուրքիայի դեմ Խորհրդային Միության քաղաքականության կառուցման գործում հայկական գործոնը կարևոր թեմա էր. այն պիտի օգտագործեր Խորհրդային Միությունը՝ իր ասելիքի լեգիտիմությունը հիմնավորելու համար. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը, ՔՊ Ժողովրդավարության դպրոցում «Հայաստանի Հանրապետության սոցիալ-հոգեբանությունը» թեմայով դասախոսության ժամանակ խոսել է Խորհրդային Միության և Թուրքիայի հարաբերություններից, Թուրքիային առնչվող Խորհրդային Միության քաղաքականությունից:

«Եվ Թուրքիայի դեմ քաղաքականության կառուցման գործում հայկական գործոնն էն կարևոր թեմաներից էր, որը Խորհրդային Միությունը պիտի օգտագործեր, դներ իր ասելիքի լեգիտիմությունը հիմնավորելու համար»,- շեշտել է Փաշինյանը՝ հավելելով, որ Ստալինի ղեկավարությամբ խորհրդային կառավարությունը որոշում է Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ ձևակերպել, որի համար հիմնավորում էր պետք:

«Եվ ամենահարմար տարբերակն այստեղ հայերի հետ կապված խնդիրներն էին, և Ստալինը ձևակերպում է, այսպես ասած, հայկական հողերի հարցը՝ ասելով, որ Թուրքիան պարտավոր է տարածքներ վերադարձնել»,- շեշտել է նա՝ հավելելով, որ այս համատեքստում է ձևավորվում հայերի ներգաղթի քաղաքականությունը, և, որ Խորհրդային Հայաստանն ուներ ինքնավարություն, բայց ոչ ինքնուրույնություն, և, որ Հայաստանում ձևավորված սոցիալ-հոգեբանությունը կարող էր դառնալ այն հենքը, որի հիման վրա Խորհրդային Միությունը վարեր իր տարածաշրջանային քաղաքականությունը:

«Այն պահից, երբ Խորհրդային Միությունը որոշակի վերապահումներ է արտահայտում Թուրքիայի նկատմամբ, տեղի է ունենում Թուրքիայի և Արևմուտքի և, մասնավորապես, Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթած մյուս տերության՝ ԱՄՆ մերձեցումը»,- շարունակել է Փաշինյանը՝ հավելելով, որ 1949-ին ստեղծվում է ՆԱՏՕ-ն, իսկ 1946-1949 թվականներին տեղի է ունենում Սփյուռքից հայերի ներգաղթը դեպի Խորհրդային Հայաստան:

Այսինքն, մեծ թվով հայեր գալիս են Սփյուռքի տարբեր համայնքներից, որտեղ, ըստ Փաշինյանի, «Մեծ եղեռնի հետ առնչվելու արգելքներ և սահմանափակումներ չկային»:

«Իսկ Խորհրդային Միությունում այդ սահմանափակումները կային և շատ էական էին և 2 հանգամանքով էր պայմանավորված՝ Խորհրդային Միություն-Թուրքիա հարաբերությունների առանձնահատկությունների և Խորհրդային Միության էության հետ, որովհետև իրենց մեկնաբանմամբ, նացիոնալիստական հարցերի քննարկումը գաղափարական բախում ուներ Խորհրդային Միության հետ»,- ասել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ հայ շատ ներգաղթյալներ սխալ նախադասություններ ձևակերպելու և արտահայտելու համար հայտնվում էին Սիբիրում:

Անդրադառնալով ՆԱՏՕ-ի՝ Թուրքիային անդամակցությանը, Փաշինյանը նշել է, որ Ստալինի մահից հետո նոր իշխանության ձևավորումից հետո Արևմուտքի և Խորհրդային Միության հակասություններն ավելի են սրվում:

«Որովհետև 1950-ականների վերջին Թուրքիայի տարածքում հայտնվում է ամերիկյան միջուկային զենքը, որը Խորհրդային Միության համար և վերջինի տեսակետից էլ ավելի է մեծացնում սպառնալիքը»,- շեշտել է Փաշինյանը՝ պնդելով, որ Խորհրդային Հայաստանը դառնում է աշխարհաքաղաքական առաջնագիծ այն պայմաններում, երբ խոշոր խաղացողներն արդեն ունենում են միջուկային զենք, սառը պատերազմն էլ իր գագաթնակետին էր:

Նրա խոսքով, Թուրքիա-ԱՄՆ մերձեցման, Թուրքիայում միջուկային արսենալի տեղադրման պայմաններում այս հակասությունը որքան սրվում է, այնքան Խորհրդային Միության համար ավելի հետաքրքիր է դառնում հայ ժողովրդի ողբերգությունը:

«Դա դառնում է շատ հետաքրքիր քաղաքական գործոն, որը կարելի է կիրառել աշխարհաքաղաքական հակադրության մեջ»,- ընդգծել է Փաշինյանը և անդրադարձել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կառուցմանը՝ օգտագործելով «Մեծ եղեռն» ձևակերպումը և նշելով, որ Ապրիլի 24-ին ամեն տարի ցուցադրվող ֆիլմերը և գրականությունը կանխորոշել են մեր հետագա սոցիալ-հոգեբանությունը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս