«Տարոն ջան, սիրուն չի» կամ՝ ինչպես Տարոն Մարգարյանը խուսափեց հարցերից
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր աշխատանքային շրջայց էր կատարել «Մոսկվա» կինոթատրոնի բակում, որտեղ ընթանում են շինարարական աշխատանքներ: Երբ 168.am-ը փորձեց որոշ հարցերի պատասխան ստանալ քաղաքապետից, մոտեցավ քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը` նշելով, որ քաղաքապետն աշխատանքային գործընթացի մեջ է, այնուհետ խնդրեց չնկարահանել քաղաքապետին, քանի որ նա ծխում էր: Երբ մենք փորձեցինք նկարահանել, Ա. Գևորգյանը սկսեց փաստացի խոչընդոտել մեր աշխատանքը` կանգնելով մեր տեսախցիկի դիմաց և ասելով՝ «հերիք է նկարեք»:
Տարոն Մարգարյանը մեզ խոստացավ շինաշխատանքների հարցերը դիտարկելուց հետո պատասխանել մեր հարցերին, բայց դրանից րոպեներ անց նա քայլեց դեպի Թումանյան փողոց: Մենք հետևեցինք նրան, քանի որ Ա. Գևորգյանը նշեց, թե քաղաքապետը պատրաստվում է շարունակել իր աշխատանքային շրջայցը: Թումանյան-Աբովյան փողոցի խաչմերուկում քաղաքապետը կանգ առավ:
Երբ մոտեցանք, որ հարցեր տանք, խաչմերուկին մոտեցավ քաղաքապետի ավտոմեքենան: Քաղաքապետի, տվյալ դեպքում՝ պետական պաշտոնյայի նման պահվածքը խիստ զարմանալի էր, որովհետև նա րոպեներ առաջ խոստացել էր պատասխանել մեր հարցերին, մինչդեռ դրանից անմիջապես հետո նստեց ավտոմեքենան` ասելով, թե մեքենան կանգնել է փողոցի անհարմար կետում, ինքը էլ ինչպե՞ս պատասխանի հարցերին: «Փաստորեն, մեզ խաբեցիք»,- արձագանքեցինք մենք, ինչին ի պատասխան` Ա. Գևորգյանը զարմացական նայեց և ասաց. «Ո՞վ է խաբել»: