Կառավարությունը տիրապետո՞ւմ է ընդերքին
ՀՀ կառավարությունը այսօր հաստատել է ընդերքօգտագործման իրավունք, ինչպես նաև երկրաբանական ուսումնասիրության նպատակով համաձայնություն հայցող կազմակերպության ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների տեղեկությանը ներկայացվող որակական չափանիշների գնահատման կարգը, սահմանել այդ տեղեկությունների բովանդակությունը և դրանց ներկայացվող պահանջները։ Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «ՀՀ Ազգային Ժողովում պետք է հանրային լսումներ անցկացվեն ընդերքօգտագործման վերաբերյալ, քանի որ հրապարակավ հնչում են առաջարկություններ՝ արդյոք մենք ամբողջությամբ տիրապետում ենք մեր ընդերքին, արդյոք այդ եկամուտները հավաքվում են պատշաճ ձևով, և արդյոք կան այդտեղ ռեզերվներ։ Շատ հաճախ այդ հարցադրումները մեղադրական ձևով են մեզ ներկայացվում։ Մենք պետք է հանրությանը հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները տանք։ Մանավանդ որ ընդունել ենք ընդերքի մասին նոր օրենք, որը միջազգային փորձի հիման վրա տվել է հստակ մեխանիզմներ, թե ինչպես դա պետք է իրականացնենք»։
ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պահուստների 2012 թ. համալրման և ծախսման հաշվետվությունը»։