Ամերիկուհու ֆոտոխցիկը 5 տարի ջրում մնալուց հետո Թայվանի ափին հայտնաբերվել է սարքին վիճակում
Daily News America-ի փոխանցմամբ՝ Թայվանում սարքին վիճակում հայտնաբերվել է մի ֆոտոխցիկ, որը ջրում մնացել է ավելի քան 5 տարի: Նրա տեր Լինդսի Սկալան ապշել է՝ տեսնելով, որ ֆոտոխցիկի հիշողության քարտը մնացել է անվնաս:
Լինդսին 2007 թվականին իր հանգիստն է անցկացրել Հավայան կղզիներում և հենց այդ ժամանակ էլ կորցրել է իր տեսախցիկը: Սև Ժայռ լողափի մոտ գիշերային լողի ժամանակ աղջիկն օվկիանոսում կորցրել է իր ֆոտոխցիկը:
Երբ ալիքներն այդ ֆոտոխցիկը շպրտել են Թայվանի ափ, այն ամբողջովին պատված է եղել ջրիմուռներով ու խեցեմորթներով: Ֆոտոխցիկն ունեցել է բավական լավ որակ, քանի որ ավելի քան 5 տարի ջրում մնալուց և 6000 մղոն հեռավորության վրա հայտնաբերվելուց հետո այն եղել է ամբողջովին սարքին վիճակում: