Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները ստորագրել են 2013-2015 թթ. համագործակցության պլանը
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարներն այսօր Բաթումում անցկացրած հանդիպման արդյունքներով ստորագրել են ամփոփիչ արձանագրություն:
Վերջինս երեք երկրներին հնարավորություն է ընձեռում հաստատել առավել սերտ համագործակցություն: Այս մասին համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Մայա Փանջիկիձեն, Ահմեթ Դավութօղլուն ու Էլմար Մամեդյարովը:
2013-2015 թվականների միջգերատեսչական համագործակցության գործողությունների պլանը մշակել են երեք երկրների համապատասխան գերատեսչությունները, այն նախատեսում է կոնկրետ նախագծերի ու նախաձեռնությունների իրագործում:
Արտգործնախարարներն ընդգծել են, որ ընդունված պլանն առնչվում է այնպիսի ոլորտների, ինչպիսիք են տնտեսությունը, էներգետիկա, շրջակա միջավայրի պահպանումը, մշակույթը, կրթությունը, սպորտն ու երիտասարդությունը:
Արտգործնախարարների հերթական եռակողմ հանդիպումը պետք է տեղի ունենա այս տարվա երկրորդ կեսին, Ադրբեջանում:
Հիշեցնենք, որ Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների առաջին եռակողմ հանդիպումն անցկացվել է 2012 թվականի հունիսի 8-ին, Տրապիզոնում: