«Արմավիա». սնանկության ճախրող գույներ
«Արմավիայի» սնանկացումը չի բացառվում, քանի որ ընկերությունում «լարված» ֆինանսական վիճակ է: Ըստ News.am-ի, այդ մասին այսօր՝ մարտի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը:
Նրա տեղեկացմամբ՝ «Արմավիայի» և կառավարության միջև կնքած պայմանագիրը, որով «Արմավիան» մի շարք բացառիկ իրավունքներ էր ստացել, ավարտվում է ապրիլի 22-ին: Կերկարաձգե՞ն, թե՝ ոչ, Ա. Մովսիսյանը դժվարացել է ասել, քանի որ որոշումը պետք է ընդունի ՀՀ կառավարությունը: «Արմավիայի» վաճառքի հետ կապված Ա. Մովսիսյանն ասել է, որ որևէ կազմակերպությունից հայտ չեն ստացել: Նախկինում ինքը դիմել է մի քանի օտարերկրյա ավիաընկերության, սակայն հետաքրքրությունը մեծ չի եղել: Գ. Ծառուկյանի կողմից «Արմավիայի» գնելու մասին խոսակցությունները Ա. Մովսիսյանը անվանել է «չհիմնավորված»:
Ա. Մովսիսյանի խոսքով՝ «Արմավիան» ազգային փոխադրող չէ, քանի որ այդպիսի տերմին ՀՀ օրենսդրությամբ չի սահմանված:
Ա. Մովսիսյանը նաև ասել է, որ կառավարությունում դեռ վերջնականապես չեն կողմնորոշվել՝ արդյո՞ք Հայաստանն անցնելու է «բաց երկնքի» քաղաքականության, քանի որ դա ունի իր և դրական, և բացասական կողմերը; «Կարող է լինել ազատականացման գործընթաց, սակայն աստիճանաբար»,- նշել է Ա. Մովսիսյանը: Նա չի բացառել, որ Հայաստանը կարող է ստեղծել պետական ավիաընկերություն: