Մենք Կիպրոսին ներկայացրել ենք կարգավորման նոր պլան. Դավութօղլու
Թուրքական Star թերթին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Կիպրոսի Հանրապետությանը ներկայացրել է կիպրական խնդրի կարգավորման նոր պլան, որը պատրաստվել է՝ հաշվի առնելով կղզու ջրատարածությունում նավթի ու գազի հետախուզման աշխատանքներ տանելու հարցը.
«Այդ պլանի մասին իրազեկվել են ՄԱԿ-ն ու շահագրգիռ կողմերը: Այն իրենում ներառում է երեք այլընտրանք: Դրանցից առաջինը նախատեսում է Կիպրոսում միասնական պետության ստեղծում և կղզու հունական ու թուրքական համայնքների կողմից ածխաջրածինների համատեղ հետախուզում:
ՄԱԿ-ի առաքելությունը պետք է ակտիվանա, և կողմերը պետք է ձեռնամուխ լինեն երկխոսության՝ համապարփակ կարգավորմանը շուտափույթ հասնելու համար: Բնական հարստությունները նույնպես պետք է պատկանեն նոր միասնական Կիպրոսին:
Եթե չգործի առաջին տարբերակը, ապա առաջարկվում է միջկիպրական գործընթացի շրջանակներում ձևավորել համատեղ հանձնաժողով, որը կզբաղվի էներգակիրների մշակմամբ ու իրագործմամբ: Երկրորդ տարբերակի ձախողման դեպքում Անկարան առաջ է քաշելու կիպրական խնդրի լուծման բանաձևը՝ հենված կղզում երկու պետությունների գոյության վրա»:
Հիշեցնենք, որ Կիպրական խնդիրը շարունակում է չլուծված մնալ 1974 թվականից, երբ Հյուսիսային Կիպրոս ներխուժեցին թուրքական զորքերն ու գրավեցին Կիպրոսի տարածքի 37 տոկոսը (3355 քառակուսի կիլոմետր), ինչը թուրքական կողմն անվանում է «Խաղաղության շարժում»: