ՀՀ անշարժ գույքի շուկայում գործարքներն աճել են
ՀՀ անշարժ գույքի շուկայում հունվար-փետրվարին գործարքների զգալի աճ է արձանագրվել, գները նույնպես աճել են։ Ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց Կադաստրի կոմիտեի շուկայի վերլուծության բաժնի պետ Աննա Նազարյանը։
«Հունվարին իրականացվել է 16 394 իրավունքի պետական գրանցում (2022 թ․-ի հունվարի համեմատ 29,1 տոկոս աճ է գրանցվել)։ Փետրվարին արձանագրվել է վերջին 14 տարվա ամենաբարձր ցուցանիշը` 21 159 իրավունքի պետական գործարք է գրանցվել։ Նախորդ տարվա համեմատ 26,8 տոկոս աճ կա։ Գրեթե բոլոր մարզերում, մասնավորապես Կոտայքի մարզում, ինչպես նաև Երևանում գրանցվել է գրանցումների աճ։ Համեմատաբար պասիվ է եղել Վայոց Ձորի մարզը»,- նշեց Նազարյանը։
Նա ընդգծեց, որ Երևանում ընդհանուր առմամբ 6226 իրավունքի պետական գործարք է իրականացվել, իսկ Կոտայքի մարզում՝ 3437 գործարք։ Վայոց Ձորում գրանցվել է 607 գործարք։
Նազարյանը շեշտեց՝ ակտիվությունը նկատելի է վերջին 3-4 տարում, ընդհանուր որոշ ամիսներ են եղել, որ գործարքների թիվը պակասել է։ Նրա խոսքով` անշարժ գույքի գներն էլ աճում են, քանի որ առուվաճառքի գործարքներն են շատանում։
«Օտարման գործարքներից ամենաշատն աճել են առուվաճառքի գործարքները՝ դրանք 4700-ն են ամբողջ հանրապետությունում։ Նախորդ տարվա համեմատ աճել է 30 տոկոսով»,- ասաց Նազարյանը։
«1SQ group» ընկերության հիմնադիր Արմեն Սաքապետոյանն էլ ընդգծեց, որ գործարքների աճը պայմանավորված է եկամտահարկի վերադարձի ծրագրով։ Կանխատեսում են, որ ակտիվությունը մինչև տարվա վերջ կպահպանվի կամ նույնիսկ կավելանա։
«Մենք 2024 թվականը բնորոշել ենք որպես «Սև ուրբաթ»-ի տարի, կարծում ենք, որ ակտիվությունը կավելանա ու բնակարան գնելու ցանկություն ունեցող անձինք էլ շտապելու ենք օգտվել եկամտահարկի վերադարձի հնարավորությունից, քանի որ Երևանում ծրագիրն այս տարի կավարտվի»,- նշեց Սաքապետոյանը։
Նա եկամտահարկի վերադարձի օրենքի առնչությամբ մի մտահոգություն հայտնեց՝ Երևանում դրա ժամկետի ավարտով պայմանավորված մայրաքաղաքն ընդլայնվում է ու արդեն հարակից տարածքներն են կառուցապատվում. ենթակառուցվածքների առումով դա կարող է խնդիրների հանգեցնել։ Մյուս կողմից էլ ոլորտի փորձագետը շեշտեց, որ հարակից մարզերի խոշոր քաղաքներում՝ Աբովյանում, Էջմիածնում, Աշտարակում, Արտաշատում, ակտիվություն է նկատվում կառուցապատման մասով։
Նա ընդգծեց՝ հեռավոր մարզերում անշարժ գույքի գները դեռ շատ ցածր են, ու բիզնեսին ձեռք չի տալիս տեղափոխվել այնտեղ։ Վստահ է՝ պետք է քաղաքականությունը փոխվի, որպեսզի հեռավոր մարզերում, քաղաքներում նույնպես ակտիվություն նկատվի, քանի որ բնակֆոնդի նորացման խնդիր կա։