Բաժիններ՝

Թայվանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4-ի

Թայվանում տեղի ունեցած 7,4 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4-ի։ Որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են փլվածքների տակից մարդկանց դուրս բերելու համար։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Ըստ ԱՄՆ երկրաբանական ծառայության՝ էպիկենտրոնը գտնվել է Թայվանի Հուալյան քաղաքից 18 կմ դեպի հարավ։ Լեռնային Հուալյանի շրջանում մեծ սողանքներ են տեղի ունեցել։

Շատերը ծուղակում են հայտնվել թունելներում։ Սողանքների պատճառով լեռներում կամուրջներ են փլուզվել։

Թայբեյի կենտրոնական օդերևութաբանական վարչակազմի սեյսմոլոգիական կենտրոնի տնօրենը AFP գործակալությանը հայտնել է, որ իշխանությունները չեն բացառում, որ «առաջիկա երեք օրերին կարող են լինել 6,5-7 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներ, որոնք համեմատաբար մոտ կլինեն ցամաքին»։

Երկրաշարժին հաջորդել է գրեթե 60 հետցնցում։

Վերջին անգամ Թայվանում նման հզոր երկրաշարժ էր տեղի ունեցել 1999 թվականին։ 7,6 մագնիտուդով ցնցումների հետևանքով շուրջ 2400 մարդ էր զոհվել, 50 000 շենք ավերվել էր կամ վնասվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս