«Amazon»-ի հիմնադիրը գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
«Amazon»-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը հայտնվել է «Bloomberg Billionaires Index»-ի առաջին հորիզոնականում (BBI)` առաջ անցնելով Իլոն Մասկից։ Վարկանիշի համաձայն` Բեզոսի կարողությունը 500 մլն դոլարով նվազել է` հասնելով 200 մլրդ դոլարի, բայց այս տարվա ընթացքում նա 23.4 մլրդ դոլարով ավելացրել է իր կապիտալը։
««Amazon»-ի հիմնադիր Բեզոսը 2021 թվականից ի վեր առաջին անգամ «Bloomberg»-ի վարկածով գլխավորում է ամենահարուստ մարդկանց վարկանիշը»,- գրում է գործակալությունը։
Էլեկտրամոբիլների արտադրությամբ զբաղվող ընկերության սեփականատեր Իլոն Մասկը երկրորդ հորիզոնական է տեղափոխվել այն բանից հետո, երբ «Tesla»-ի բաժնետոմսերի 7%-անոց անկման պատճառով նրա կարողությունը մեկ օրում ընկել է 17,6 մլրդ դոլարով։ Այս նվազումը տեղի է ունեցել դեպի Չինաստան մեքենաների մատակարարումների կրճատման մասին նորությունների ֆոնին։ Տարեսկզբից Մասկը 31,3 մլրդ դոլար է կորցրել։
Բեզոսի և Մասկի ունեցվածքի տարբերությունը կրճատվել է` հաշվի առնելով նրանց ընկերությունների բաժնետոմսերի արժեքի շարժի տարբեր ուղղությունները։ 2021 թվականից «Tesla»-ի բաժնետոմսերն նվազել են 50%-ով, իսկ «Amazon»-ի բաժնետոմսերը պատմական առավելագույն ցուցանիշին են մոտենում։
LVMH–ի սեփականատեր Բեռնար Առնոն երրորդ հորիզոնականում է 197 մլրդ դոլար կարողությամբ, որը մեկ օրում նվազել է 1,84 մլրդ դոլարով, սակայն տարեսկզբից ավելացել է 18,3 մլրդ դոլարով։