ՀՀ ԱԳ նախարարը և ԿԽՄԿ նախագահը քննարկել են Բաքվի էթնիկ զտման հետևանքով ԼՂ-ից տեղահանվածների իրավունքների հասցեագրման հարցեր
Ժնևում փետրվարի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ:
Քննարկվել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից նախորդ տարի սեպտեմբերին ռազմական հարձակման և իրականացված էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանվածների կարիքների և իրավունքների հասցեագրմանն առնչվող հարցերը և հումանիտար բնույթի հարցերի շուրջ ԿԽՄԿ հետ համագործակցության շրջանակը:
Միրզոյանը մասնավորապես ընդգծել է Ադրբեջանում պահվող անձանց վերադարձի, ինչպես նաև անհետ կորածների և բռնի անհետացած անձանց ճակատագրերի բացահայտման կարևորությունը՝ վերահաստատելով հայկական կողմի հրապարակայնորեն հայտնած պատրաստակամությունը խնդրո շուրջ համագործակցության վերաբերյալ:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակին և տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին: