Ալիևը ժամանակ է ձգում՝ լավ հասկանալով, որ Հայաստանում իշխանության կարող են գալ ազգային ուժեր. Քաղտեխնոլոգ

2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմից մեկ տարի անց՝ 2021 թվականին, Ադրբեջանը սկսեց հայտարարություններ անել, որ «Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը և համապատասխանեցնի առկա իրողություններին, այսինքն՝ մոռանա Արցախի հայկականության մասին»։

Այս տարի էլ ՀՀ իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սկսեց հայտարարել Հայաստանի Մայր օրենքը, այդ թվում՝ Անկախության հռչակագիրը փոխելու մասին։

Նիկոլ Փաշինյանը վերջերս խորհրդարանում հայտարարեց, որ «առանց Սահմանադրությունը փոխելու, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր չեն կարող ստորագրել», այս նույն նախադասությունն Ադրբեջանի նախագահը կրկնեց՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու երդմնակալության ժամանակ։

168.am հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն ասաց, որ նոր Սահմանադրություն ընդունելը բավականին ժամանակատար գործընթաց է, և մի քանի ամիս ժամանակ է պահանջվում, որպեսզի այն ընդունվի։

Կարդացեք նաև

«Սահմանադրությունը փոխելու ՀՀ իշխանությունների որոշումն ունի երկու պատճառ։

Առաջինը՝ Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ Հայաստանում, ինչպես ինքն է ասում՝ «ռևանշիստական» կամ ազգային ուժերի իշխանության հնարավոր վերադարձ կարող է տեղի ունենալ։ Դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ Ռուսաստանն աջակցի, իսկ Ռուսաստանը կարող է աջակցել, երբ Ուկրաինայում ռազմական գործողությունները համարի ավարտված կամ այնտեղ գրանցի լուրջ հաջողություններ։ Այդ ժամանակ Ռուսաստանը կարող է աջակցել ՀՀ-ում ազգային իշխանությունների ձևավորմանը, և հավանականությունը 100 տոկոս է, որ այդ ազգային իշխանությունը կրկին կվերանայի Արցախին վերաբերող քաղաքականությունը։

Երկրորդ պատճառն Ալիևի ցանկությունն է, որպեսզի Հայաստանի իրավական գլխավոր փաստաթղթում չլինի որևէ կետ, որը կարող է ինչ-որ առումով դիտարկել ապագայում Արցախի նկատմամբ հայկական կողմից ինչ-որ հավակնություններ։

Այսինքն՝ գնում են Սահմանադրությունը փոխելուն, որպեսզի ՀՀ ապագա իշխանությունները չունենան իրավական բազա՝ Արցախի հարցը քննարկելու համար։ Անկախության հռչակագրում առկա է Արցախը Հայաստանին վերամիավորելու կետ, իսկ նոր Սահմանադրության մեջ առհասարակ չպետք է որևէ կետ լինի, որը կարող է առնչվել՝ ինչպես Արցախի, այնպես էլ՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջին։

Եթե ընդունեն նոր Սահմանադրությունը, ապա, այսպես ասենք, այն լինելու է ալիևյան կամ ադրբեջանական Սահմանադրություն, որը պարտադրում են Հայաստանին»,- նշեց Արմեն Բադալյանը։

Ըստ քաղտեխնոլոգի, քանի դեռ Հայաստանում ազգային ուժեր չեն եկել իշխանության, Ադրբեջանը փորձում է ժամանակ ձգել։

«Ադրբեջանը ժամանակ է ձգում, որպեսզի տեսնի, թե Ռուսաստանն Ուկրաինայում ինչ արդյունքներ է գրանցելու, այդ ընթացքում փորձում է ՀՀ-ում Սահմանադրություն փոխել։ Իսկ ՌԴ-ի կողմից Ուկրաինայում հաջողություններ գրացնելու համար նախադրյալներ կան, բայց դեռևս դա շոշափելի չէ։

Սահմանադրությունը փոխելու ընթացքում, որը մի քանի ամիս կտևի, Ադրբեջանը կանի համապատասխան եզրակացություններ՝ հետագայում առաջ գնալու առումով»,- շեշտեց Արմեն Բադալյանը։

Ամփոփելով միտքը՝ քաղտեխնոլոգն ընդգծեց՝ ՀՀ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով, իսկ ՀՀ իշխանությունը հույս ունի, որ Սահմանադրությունը փոխելով՝ Ալիևը կգնա խաղաղության պայմանագրի ստորագրման։ Իսկ Ադրբեջանը երբեք այդ պայմանագիրը չի ստորագրի, մինչև հստակ չտեսնի, թե ռուսական զորքն Ուկրաինայում ինչ արդյունքներ է գրանցում։

«Ադրբեջանը կարող էր երեկ կամ մեկ ամիս առաջ կնքել այս խաղաղության պայմանագիրը։ Բայց կնքել խաղաղության պայմանագիր, հետո ՌԴ-ն Ուկրաինայում հաղթի, ՀՀ-ում գան ազգային ուժեր, և իրենք փոխեն իրենց վերաբերմունքը և ընդհուպ ուժային տարբերակով Արցախն ազատագրեն, այդ դեպքում խաղաղության պայմանագիրը քանի՞ կոպեկ արժե։ Դրա համար, որպեսզի Ալիևը հստակեցում ունենա, իր համար պետք է ժամանակ ձգի, դրա վրա է նա աշխատում»,- եզրափակեց Արմեն Բադալյանը։

Տեսանյութեր

Լրահոս