Ներքին Հանդում տեղի ունեցածը Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հերթական դրսևորում է․Փաշինյան
Սահմանազատման համար անհրաժեշտ է քարտեզների և գետնի վրա վերարտադրել Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ-ների միջև 1991թ․ դրությամբ դե յուրե առկա սահմանը և դրանց իրավական հիմքերը վեր հանելու միջոցով լուծել հարցը։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ սահմանազատման սկզբունքները համաձայնեցված են, մնացել է տեխնիկական աշխատանքն իրականացնել։
Փաշինյանը նշեց, որ միջազգային հարթակներում գրավոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են 1991թ․ Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, այն պետք է լինի սահմանազատման գործընթացի քաղաքական հիմքը։
Հայկական կողմն առաջարկում է՝ որպեսզի զորքերը հետ գնան, անհրաժեշտ է քարտեզի և գետնի վրա վերարտադրել Հայաստան-Ադրբեջան սահմանը և երկու երկրների զորքերը հետ քաշել այդ գծի նկատմամբ։
«Այսինքն՝ եթե սահմանի վերարտադրությունից հետո պարզվի, որ այդ գծից առաջ զորքեր կան, երկուստեք պետք է հետ քաշվեն»,- ասաց Փաշինյանը։
Ըստ նրա՝ նույն սկզբունքով պետք է հասցեագրել նաև էքսկլավների և անկլավների հարցը։ Օրինակ` Արծվաշենի տարածքը որոշելու համար պետք է իրավական փաստաթղթերի հիման վրա գծել սահմանն ու հետագա բանակցությունների միջոցով լուծել դրա հարցը։
Նա մանրամասնեց, թե այս իրավիճակում ինչ է ուզում Ադրբեջանը։ Փաշինյանը հիշեցրեց՝ Ադրբեջանը պարբերաբար խոսում է, այսպես ասած, չորս գյուղերի տարածքների մասին՝ հրաժարվելով ընդունել, որ ադրբեջանական օկուպացիայի տակ են ՀՀ 31 ոչ անկլավային գյուղերի կենսական նշանակության տարածքներ։
Խոսքը վերաբերում է 4 և 31 ոչ անկլավային գյուղերին։
Պաշտոնական Բաքուն ամեն կերպ առաջ է տանում այն միտքը, որ ադրբեջանական զորքերը ՀՀ 31 գյուղերի զբաղեցրած տարածքներից հետ չգնան։
Ըստ նրա՝ սա կառուցողական դիրքորոշում չէ, մինչդեռ Հայաստանի Հանրապետությունը պատրաստակամ է գնալ լուծումների, որոնց սկզբունքներն արդեն պայմանավորված են։
Նա հայտարարեց, որ ՀՀ-ն համաձայն է անգամ մարզ առ մարզ սահմանազատում իրականացնել` ամեն հատվածում վերարտադրելով սահմանը և ապա իրականացնել զորքերի դիրքավորման ճշտգրտում, իսկ էքսկլավային հարցերը թողնել ամենավերջին փուլին։
«Կա սահմանազատման երկու տարբերակ` ամբողջ սահմանով իրականացվում է սահմանագծում, և անցնում ենք դրա իրագործմանը, իսկ 2–րդ տարբերակն այն է, որ կտորիների ենք բաժանում սահմանը և կտոր–կտոր սահմանագծով գնում ենք առաջ»,– ասաց նա՝ ընդգծելով, որ երկու տարբերակներն ընդունելի են Հայաստանի համար։
«Սահմանազատման հարցում Ադրբեջանը փորձ է անում գնալ տեղայնացման ճանապարհով, սակայն կարծես թե խուսափում է նաև այս տարբերակից։ Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ դրա համար կարող է լինել մեկ պատճառ` ռազմական գործողություններ սկսելը սահմանի որոշ հատվածներում` հետագայում ռազմական էսկալացիան ՀՀ դեմ լայնածավալ պատերազմ սկսելու հեռանկարով։ Այս մտադրությունը հնչում է պաշտոնական Բաքվից հնչող բոլոր հայտարարություններում ու գործողություններում»,– հայտարարեց նա՝ հավելելով, որ ՀՀ կառավարության նպատակն է ամեն ինչ անել` կանխելու նման հեռանկարը։