Բաժիններ՝

ԱԺ «խելացիները» լուրջ հարցերին պատասխանում են հայհոյանքով. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ մենք էլ փորձեցինք անսալ Սերժ Սարգսյանի հորդորին և լուրջ զրույց ծավալել ԱԺ-ում Հանրապետական կուսակցության պատգամավորներից մեկի՝ գործարար Հրանտ Գրիգորյանի հետ: Բայց սա այն դեպքն էր, երբ փորձը փորձանքով ավարտվեց. մենք ստիպված էինք վայելել տղամարդկային հայհոյանքի «լրջությունը»:

Սույն պատգամավորն այնքան վրդովվեց անմեղ հարցերից, որ սկզբում նետվեց ԱԺ միջանցքի ծայրի պետքարանը, ապա որոշ ժամանակ դարանակալելուց հետո ստիպված եղավ կրկին վերադառնալ միջանցք, որտեղ էլ լուրջ հարցերի պատասխանելու առաջարկին ի պատասխան սկսեց հայհոյել:

Նա անհոդաբաշխ բղավում էր՝ «բ…-ի տղա լինեմ, եթե կես ժամից մորս կոտրած թևով չեն բերելու հիվանդանոց», իսկ մենք հանդգնել էինք չիմանալ այդ մասին ու ինչ-որ հարցերով խաթարել նրա անդորրը: Բայց մինչ այս թատրոնը մի քանի «լուրջ» պատասխաններ կորզեցինք որոշ հարցերի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն ասել էր. «Ես չեմ համարում, որ այսօրվա մեր խորհրդարանը վատ խորհրդարան է կամ խորհրդարանի ճնշող մեծամասնությունը գիտելիք կամ կրթություն չունեցող մարդիկ են: Կարծում եմ, ճիշտ կլինի այդ մարդկանց հետ շփվեն հասուն, վաստակ ունեցող, իրենց գործն իմացող լրագրողները, այլ ոչ թե, չեմ ուզում ինչ-որ մասնավոր մի բուհի անուն տալ, երեք ամիս առաջ այդ բուհն ավարտած, երիտասարդ աղջնակները կամ տղաները, ովքեր ուղղակի դժվար թե կարողանան իրողությունը ճիշտ ներկայացնել, դժվար թե կարողանան լուրջ խոսակցություն ծավալել այդ մարդկանց հետ»: Ահա մեր լուրջ զրույցի փորձը.

– Պարոն Գրիգորյան, օրինակ, ի՞նչ հարցեր կուզենայիք Ձեզ տային լրագրողները, որ չեն տալիս, և Դուք էլ արտահայտվելու հնարավորություն չեք ունենում:

– Լավ ե՞ք, դե լավ ըլնեք…

– Սերժ Սարգսյանը կասկած է հայտնել, որ մենք ձեզ՝ գործարար պատգամավորներիդ, լուրջ հարցեր չենք կարողանում տալ, չենք կարողանում ձեր մտքի գոհարները լսել, դա փոխանցել հանրությանը: Հիմա խնդրում էմ ինքներդ առաջարկէք՝ ի՞նչ լուրջ հարցի շուրջ կցանկանայիք զրուցել, արտահայտվել:

– (Մռայլված նայում է աչքերիս մեջ, արագ քայլում Աժ միջանցքով և անընդհատ ձեռքով հետ հրում): Ասեցի՝ լավ մնա…

– Պարոն Գրիգորյան, վա՞տ հարց եմ տալիս, ինչո՞ւ եք խուսափում պատասխանից, ասելիք չունե՞ք, բան չունե՞ք ասելու ժողովրդին:

-Ձեռքով հետ է հրում ու հասկացնում՝ անջատիր ձայնագրիչը, բայց, արդյունքի չհասնելով, արագ մտնում է ԱԺ պետքարան: Քիչ անց դուրս է գալիս…

– Պարոն Գրիգորյան, մեզ՝ նոր սերնդի լրագրողներիս մեղադրում են, որ Ձեզ լուրջ հարցեր չենք տալիս, որ Դուք իրականում շատ խելացի եք, հիմա եթե Դուք չեք առաջարկում ինչ-որ լուրջ հարցի շուրջ խոսել, ես կփորձեմ ինքս տալ հարցեր:

– Ամուսնացա՞ծ եք, քանի՞ երեխա ունեք… Դե, աստված տա ունենաք (դեմքի ջղաձիգ շարժումներով հասկացնում է՝ անջատիր ձայնագրիչը):

– Մի տեսակ զայրացած եք, պարոն Գրիգորյան:

– Ինչի՞ պտի զայրանամ, հեչ էլ…

– Երկիրը, որի պատգամավորն եք Դուք, հետընտրական զարգացումների մեջ է, Ազատության հրապարակում ժողովուրդը շարունակում է վիճարկել ընտրությունների արդյունքները: Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն քանի օր է՝ պայքարի ծայրահեղ միջոց է ընտրել ու կարծես թե չի պատրաստվում հրաժարվել հացադուլից և պայքարից: Դուք, որպես այս երկրի և իշխող մեծամասնության պատգամավոր, ինչպե՞ս եք պատկերացնում իրավիճակի հանգուցալուծումը:

– Անջատի, հավես չունեմ:

– Դուք պատգամավոր եք, հանրային դեմք՝ խոսելը հավեսով չէ:

– Շատ ես խոսում, շատ-շատ:

– Հարցիս կպատասխանե՞ք: 

– (Լռում է ու աչքերը ոլորում վրաս) Անլուրջ հարցեր եք տալիս:

– Չե՞ք տիրապետում իրավիճակին:

– Դուք տիրապետո՞ւմ եք… անուշ լինի:

– Պարոն Գրիգորյան, շատ դժվար հարց չէ, եթե կարծիք չունեք, ասեք, որ չունեք:

– Երբ որ հարկ լինի՝ կներկայացնենք: ….Ի՞նչ եք ուզում լսեք, ես հանգիստ եմ ելքը պատկերացնում:

– Ձեր կարծիքով, ընդդիմությունը նույնիսկ նման ծայրահեղ պայքարով ոչնչի չի՞ կարող հասնել, զո՞ւր է պայքարում:

– Ես ըտենց բան ասացի՞, այսինքն, ինչի՞ պըտի հասնե՞ր որ: Հանգիստ գնում ա վիճակը, ընչի՞ ես խառնվել իրար: Հավաքվել՝ հավաքվել են (նկատի ունի Ազատության հրապարակում՝ Լ. Շ.), դե, ամեն տեղ էլ մի բան պատահում է, մի տեղ վթար ա լինում, մի տեղ՝ հրդեհ, մարդիկ հավաքվում են, մի տեղ՝ մի բան:

– Ազատության հրապարակում հավաքվածները համարում են, որ ընտրությունները կեղծվել են: Քաղաքացիների մի մեծ խումբ սպառնում է քաղաքացիական անհնազանդության դիմել, դա չի՞ մտահոգում Ձեզ՝ որպես իշխանության ներկայացուցչի:

– Ես գուշակ չեմ, որ եթե-ներով բան խոսամ: …Ի՞նչ ես ուզում, ինչ-որ բանի՞ ես սպասում, ջահել աղջիկ ես, ամոթ ա: Հետո՝ ինձ հարմար ա՞, որ հարցեր տաս, դու ի՞նչ գիտես ես ինչ տրամադրություն ունեմ հիմա:

– Առաջարկում եք հարցազրույցից առաջ թեստով Ձեր տրամադրությունը ստուգենք, նո՞ր:

Այս խոսքերից հետո մի քանի անգամ հորդորեց անջատել ձայնագրիչը, ապա, չդիմանալով, դիմեց հայհոյանքների, որոնք տպագրության ենթակա չեն, ու արդարացումների, որ ինքն անտրամադիր է և հեչ հավես չունի պատասխանելու մեր հարցերին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս