ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրման մեծ հավանականություն է տեսնում

ՀԱՊԿ-ը համարում է, որ հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրման հավանականությունը մեծ է, և իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր։

Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։

«Առանձին պետությունների կողմից Հարավային Կովկասում սեփական դիրքերն ամրապնդելու, Կասպից ծովի ռեսուրսներին հասանելիություն ստանալու և դեպի Կենտրոնական Ասիա ուղիղ ելք ապահովելու փորձեր են արձանագրվում։ Դրա համար, ի թիվս այլ բաների, ակտիվորեն օգտագործվում է հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության մեծ հավանականությունը։ Իրավիճակի հետագա կարգավորման գործում կարևոր է մնալու հաշտության համաձայնագրի կնքումը», – Սերդյուկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

ՀԱՊԿ միացյալ շտաբի պետն Արևմուտքին մեղադրել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա ազդելու փորձերի համար՝ չնայած Հայաստանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին։

«Չնայած Հայաստանի անդամակցությանը կազմակերպությանը` դրսից շարունակվում են փորձերը՝ ազդելու հետկոնֆլիկտային կարգավորման ձևաչափի վրա», – նշել է ՀԱՊԿ պաշտոնյան։

Չնայած Հարավային Կովկասում խաղաղության հասնելու հայկական կողմի ու միջազգային դերակատարների ջանքերին՝ ադրբեջանական կողմը հերթական ագրեսիան է ձեռնարկել Հայաստանի նկատմամբ։ Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, ադրբեջանական զինված ուժերը հրաձգային զենքերից կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրում հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ։

Տեսանյութեր

Լրահոս