Ի՞նչ է Ռուսաստանն առաջարկում արցախահայությանը․ ՌԴ փոխարտգործնախարարը հայտարարում է՝ պատրաստ են օգնել արցախահայերին

«Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձին՝ նրանց ցանկության դեպքում»,- ՏԱՍՍ-ի հարցազրույցում օրերս նման հայտարարությամբ էր հանդես եկել ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ «Ցավոք, Ղարաբաղի հայերի մեծ մասը հեռացել է տարածաշրջանից։ Դա նրանց ծանր, բայց ինքնակամ ընտրությունն էր։ Այս առնչությամբ կարևոր է ստեղծել պայմաններ նրանց վերադարձի համար, ովքեր կցանկանան անել դա՝ նրանց իրավունքների և անվտանգության պատշաճ ապահովման դեպքում»,- ասել է նա։

«Պատրաստ ենք ցուցաբերել համակողմանի աջակցություն այդ գործընթացին, այդ թվում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի գծով, որի ներկայությունը մեծ նշանակություն ունի»,- ասել է Գալուզինը։

Նրա խոսքով՝ «շնորհիվ ռուսական ջանքերի, այդ թվում՝ մեր վեց խաղաղապահների կյանքի գնով, հաջողվել է խուսափել զգալի թվով քաղաքացիական զոհերից» 2023թ. սեպտեմբերի ադբեջանական ագրեսիայի ժամանակ։ «Ռուսական խաղաղապահ զորակազմի ակտիվ միջնորդությամբ 2023թ. սեպտեմբերի 20-ին ձեռք բերվեց պայմանավորվածություն մարտական գործողությունների դադարեցման մասին և բանակցություններ վարվեցին Ղարաբաղի հայ բնակչության և ադրբեջանական իշխանությունների միջև։ Մեր խաղաղապահներն ապաստան տրամադրեցին խաղաղ բնակիչներին, իրականացրին հումանիտար օգնության առաքումը, կազմակերպեցին բժշկական տարհանում»,- ասել է Գալուզինը։

Նա հայտնել է, որ «նշված իրադարձությունները տեղի են ունեցել ոչ հենց այնպես. հայկական կողմը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ Ղարաբաղը նրա կազմում, դեռևս 2022թ. հոկտեմբերին Պրահայում, ԵՄ գագաթնաժողովում»։ «Ընդ որում՝ տարածաշրջանի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման հարցն այն ժամանակ լուծված չէր։ Այժմ Ղարաբաղն ինտեգրվում է Ադրբեջանի իրավական դաշտում»,- ասել է նա։ Առաջին անգամը չէ, իհարկե, երբ ռուսական կողմը խոսում է արցախահայության Արցախ վերադառնալու իրավունքից և վերադարձի անհրաժեշտությունից։ Այդ մասին իր ամենշաբաթյա բրիֆինգների ընթացքում մի քանի անգամ ասել է մասնավորապես ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Այս մասին հրապարակումներ են լինում նաև ռուսական փորձագիտական մի շարք շրջանակներում, ինչպես նաև ադրբեջանական մամուլում։ Շատ վերլուծաբաններ ճանաչում են արցախահայության խնդիրը, հասկանում, որ ինչ-որ պայմանների ի հայտ գալով, հնարավոր է՝ արցախահայության Արցախ վերադառնալու հարցը բարձրանա բանակցությունների ակտիվ օրակարգ կամ դառնա բանակցությունների առարկա Ադրբեջանի ու Արցախի ներկայացուցիչների միջև, թեև, հաշվի առնելով դիրքորոշումները, բարդ է պատկերացնել որևէ կոնսենսուս։ Այնուամենայնիվ հետաքրքիր է հասկանալ, թե ինչ կա ռուսական առաջարկի ներքո։

168am-ի մոսկովյան մերձդիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ, ղարաբաղահայերի ելքը Ղարաբաղից ի սկզբանե մտահոգել է ռուսական կողմին, քանի որ բարդ իրավիճակի մեջ է դրել ռուսական խաղաղապահ զորախմբին, որոնք, ստացվում է, անիմաստ են շարունակում իրենց ներկայությունը Ղարաբաղում։

Ըստ մեզ փոխանցված տեղեկությունների, եթե բնակչություն չվերադառնա բնակվելու Ղարաբաղում Հայաստանից, և եթե Արևմուտքը շարունակի այս հարցով չհետաքրքրվել, ապա Ադրբեջանն ամենայն հավանականությամբ 2025-ին կբարձրացնի Ղարաբաղը լքելու և խաղաղապահ զորախմբի տեղակայման ժամկետը չերկարաձգելու հարցը։

«Իսկ եթե Հայաստանից ղարաբաղահայեր, թեկուզ քիչ, վերադառնան Ղարաբաղ, դա նշանակում է, որ Ռուսաստանը կկարողանա պահել իր ներկայությունը Ղարաբաղում ևս 5 տարի ժամկետով ամենաքիչը։ Ավելորդ է ասել, որ սա կարևոր հարց է՝ ինչպես Մոսկվայի համար, այնպես էլ՝ նրանց համար, ում համար կարևոր է ընդհանրապես հայկական ներկայությունը Ղարաբաղում»,- ասաց մեր զրուցակիցը։ Հարցին, թե այս առաջարկն իրականում անվտանգության ապահովման ի՞նչ մեխանիզմներ ու կարգավիճակ է ենթադրում ղարաբաղահայերի համար, եթե նրանք ցանկանան վերադառնալ, մեզ պատասխանեցին, որ այս առաջարկն այս պահին առանձնահատուկ որևէ պայման, առավել ևս՝ կարգավիճակ, չի ենթադրում։

«Սեպտեմբերից հետո այս հարցը չի բարձրացրել ոչ Երևանը, ոչ Բաքուն, ոչ ՀՀ տեղափոխված հայերն են նոր առաջարկներ արել, որոնք թույլ կտան ինչ-որ նոր բան բանակցել Բաքվի հետ այս հարցի շուրջ։ Պաշտոնական Երևանի դիրքորոշումը ևս մեծապես կաշկանդում է Ղարաբաղից ՀՀ տեղափոխված հայության դիրքորոշումը։ Սակայն ՌԴ-ն պատրաստ է ապահովել անվտանգություն, որպեսզի մարդիկ վերադառնան և բնակվեն այնտեղ, սակայն չեմ կարծում, թե Բաքուն պատրաստ է, որպեսզի մարդիկ առանձնահատուկ կարգավիճակ ու իրավունքներ ունենան։ Միևնույն ժամանակ կարծում եմ, որ եթե Բաքուն ինչ-որ հարցերում չփորձի զիջումներ անել, բանակցել, ապա այս հարցերը գուցե ապագայում էլ ավելի խիստ ձևով հայտնվեն «սեղանի» վրա»,- ասաց մեր աղբյուրը։ Ըստ նրա, ՌԴ-ն անում է դեռևս չմշակված, սակայն հնարավորություններ ենթադրող առաջարկ։ «Ըստ համապատասխան արձագանքների՝ այն կարելի է մշակել ու կարելի է բանակցել, ստեղծել ինչ-որ ձևով փոխընդունելի լուծումներ։ Առանց հատուկ երաշխիքների՝ նման գործընթաց բնականաբար հնարավոր չէ կազմակերպել, և Մոսկվայում դա հասկանում են»,- ասաց մեր զրուցակիցը։

168am-ի հետ զրույցում ռուս կովկասագետ Ստանիսլավ Տարասովն ասաց, որ ներկայումս սա ամենաբարդ ու ամենացավալի հարցերից մեկն է, որն առկա է՝ որպես հարց կողմերի միջև, սակայն սրան վերաբերվում են այնպես, ասես նման հարց գոյություն չունի։ Սակայն, նրա խոսքով, նման վերաբերմունքը չի նշանակում ամենևին, որ հարցը չկա, ու մի օր դրա մասին չեն խոսելու։

«Ես վստահ եմ, որ այս հարցն ապագայում քննարկվելու է։ Եթե Բաքուն այն այսօր չքննարկի, ինչ-որ տարբերակներ չառաջարկի ղարաբաղահայերին, ապա վաղ թե ուշ հարցն օգտագործելու է Արևմուտքը։ Սակայն կարծում եմ՝ դա կլինի միայն Ղարաբաղից խաղաղապահների հնարավոր դուրս գալուց հետո։ Ռուսական առաջարկն ընդունելով և բնակչության համար երաշխիքներ տրամադրելով՝ Բաքուն միանշանակորեն դիվիդենտներ կշահի։ Բայցևայնպես ղարաբաղահայերի հետ պատահածից հետո պարզապես սովորական խոստումները, թե անվտանգություն կլինի, որևէ արդյունք չեն տա։ Այսինքն՝ եթե ՌԴ ԱԳՆ-ում ցանկանում են, որպեսզի բնակչությունը վերադառնա, խաղաղապահները մնան, ապա ավելի բազմակողմ աշխատանք պետք է անեն, այսինքն՝ պետք է աշխատեն նաև ադրբեջանական կողմի հետ։ Կարծում եմ՝ առայժմ նման բան տեղի չի ունենում»,- նկատեց վերլուծաբանը։ Նա նշեց, որ այսօր բոլոր միջնորդների և կողմերի ուշադրությունը սևեռված է մեկ հարցի վրա, թե որտեղ են Փաշինյանն ու Ալիևը շարունակելու բանակցությունները և որտեղ են ստորագրելու Խաղաղության համաձայնագիրը։

«Ես ուշադրություն կհրավիրեի Ադրբեջանում ՌԴ դեսպանի այն հայտարարության վրա, որ ՌԴ-ն պատրաստ է հյուրընկալել Խաղաղության համաձայնագրի եզրափակիչ բանակցությունները։ Սակայն վերջերս Մոսկվան նաև նշել էր, թե հրավեր ՀՀ-ին ուղարկվել է, սակայն պատասխան չի եղել։ Սրան զուգահեռ՝ ԵԽ նախագահ Շառլ Միշելը զրուցեց Ալիևի հետ, և համաձայնեցվեց բարձրաստիճան եռակողմ հանդիպում Բրյուսելում։ Սակայն այսօր էլ Ադրբեջանը ԱԳՆ կանչեց Ադրբեջանում ԵՄ դեսպանին, այսինքն՝ Բրյուսել-Բաքու նոր լարվածություն կարող է սկսվել։ Ինչպես ցույց է տալիս բանակցությունների նախորդ փուլը, նման լարվածությունների դեպքում Բաքուն հրաժարվում է հանդիպումներից։ Այսինքն՝ չի բացառվում, որ կրկին անորոշ դառնա հանդիպումների ճակատագիրը, առավել անորոշ է նման համաձայնագրի ստորագրումը, քանի որ օրակարգում է սահմանադրական փոփոխությունների և մի շարք այլ բարդ հարցեր»,- նշեց Տարասովը։

Հիշեցնենք, որ ռուսական «Իզվեստիա»-ին հարցազրույց էր տվել Բաքվում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը, ասելով, թե «Ղարաբաղի հարցը փակված է»։ «Այս թեման փակվեց սեպտեմբերին ռազմական գործողությամբ»,- ասել է նա՝ սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ իրականացրած ագրեսիան ու դրան հաջորդած էթնիկ զտումն անվանելով «հակաահաբեկչական» գործողություն։

Նա հավելել է, որ ՌԴ-ն պատրաստ է տրամադրել մոսկովյան հարթակ, պատրաստ է անհրաժեշտության դեպքում տրամադրել իր փորձաքննությունը, տեքստի վերաբերյալ խորհուրդներ տալ։

Ռուս դիվանագետը հավելել է, թե Ադրբեջանի ԱԳՆ-ի հետ հիմա համաձայնեցվում են խաղաղապահ զորախմբի վերաբերյալ Մոսկվայի ու Բաքվի միջև բանակցությունների հաջորդ փուլի ժամկետները։ Եվդոկիմովը նաև ասել է, որ ՌԴ-ում մարտի 15-17-ն անցկացվող նախագահական ընտրությունների հետ կապված Ադրբեջանում բացվելու են ընտրատեղամասեր։ Ռուս դիվանագետը նաև նշել է, որ քվեարկության կետ է բացվելու նաև Ստեփանակերտում (նա անվանել է Խանքենդի), քանի որ այնտեղ ռուս խաղաղապահ զորախումբն է գտնվում։

Տեսանյութեր

Լրահոս