Հույս ունեմ՝ այս փաստերը ներկայացնելուց հետո իմ տան շքամուտքում ինձ վրա մահափորձ չեն անի. Արթուր Չախոյան

Բլոգեր Արթուր Չախոյանի խոսքով՝այսօր Երևանում կոռուպցիան տարածված է և ուրիշ, անհասկանալի չափերի է հասնում։

«Մոտ երկու տարվա պայքարիս ընթացքում այսօր արձանագրեցի իմ կոռուպցիոն պայքարի առաջին հաղթանակը։ Երևանի քաղաքապետարանի կողմից ընդունվեց, որ ես ճիշտ էի, և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի փայտե նստարանների հետ կապված կա անհամապատասխանություն։ Ցավով եմ արձանագրում, որ Երևանի քաղաքապետարանի նախորդ գործավարական նիստի ժամանակ այդ վարչական շրջանի ղեկավարն ուզում էր ինձ պատասխանատվության ենթարկեր, չգիտեմ՝ ինչի համար, երբ պարզվեց, որ ես ճիշտ էի»,- այս մասին այսօր խորհրդարանում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի նախաձեռնած  «Երևանը և կոռուպցիան» խորագրով աշխատանքային քննարկման ժամանակ ասաց Արթուր Չախոյանը։

Նա հայտարարեց, որ փաստարկված կներկայացնի կոռուպցիոն դեպքերը, որպեսզի չասեն, թե բլոգեր է՝ եկել-խոսում է։

Նա լուսանկարներով ցույց տվեց Երևանյան լճի մոտ տեղադրված հասարակական զուգարանը, որի համար Երևանի քաղաքապետարանը վճարել է 2 մլն 657 հազար դրամ։

Կարդացեք նաև

«Այս զուգարանի փոխարեն պետք է լիներ մոդուլային զուգարան, այնտեղ նման բան չկա, ինչն ինքնըստինքյան փաստում է կոռուպցիայի մասին։ Իմ հաշվարկներով, տեղադրված այս  զուգարանը արժի մոտ 500-600.000 դրամ։

Սա էլ Երևանյան լճում տեղադրված աստիճաններ է, որը տենդերի ժամանակ չի եղել, այն անհասկանալի պատճառներով է հայտնվել այդտեղ։ Երևանի քաղաքապետարանը վճարել է 2 մլն դրամ՝ մեկ ակտում տարբեր տողերով, որ աստիճանի տակ պետք է լիներ բետոն, բայց բետոն չկա, հող է։ Սա կոռուպցիա է։

Երևանի քաղաքապետարանը նախադեպը չունեցող Երևանի մանկապարտեզներ է բարեկարգում, ինչը ողջունելի է, բայց կարծես թե այդ մանկապարտեզները կառուցում են նրա համար, որ մարդիկ գնան, գեղեցիկ նկարվեն, հրապարակեն։ Այդ նկարվելուց հետո կարծես ոչ մեկին չի հետաքրքրում մանկապարտեզների ճակատագիրը՝ քանդվում ու փշրվում են»,- նշեց բլոգերը։

Նա Աջափնյակ վարչական շրջանի թիվ 50 մանկապարտեզից լուսանկարներ ցուցադրեց, որը բարեկարգում է Երևանի քաղաքապետարանի շինվարչության նախկին պետ Խորեն Գրիգորյանի բարեկամի ընկերությունը։

«Այստեղ կոռուպցիան այն է, որ 2022 թվականին ընդունել, վճարել են պատուհանների համար, որոնց ռամկաները կտրել են ու այդպես դրել, ու դա մեկ տարի մնացել է այդպես։ Երբ գնացի ու այդ ամենը հանրայնացրեցի, գնացին ու դա ինչ-որ ձևով սարքեցին»,- նշեց նա։

Բլոգերն անդրադարձավ նաև Փակ շուկայի մոտ գտնվող գետնանցումին՝ նշելով, որ այնտեղ խայտառակություն է տեղի ունեցել՝ տենդերի մեջ մտցրել են տրավերտին քարը՝ մեկ գծամետրի համար վճարելով 38.000 դրամ, իսկ ամբողջական գումարը կազմում է  4 մլն դրամ։

«Երբ խոսում ենք ճանապարհաշինությունից, ապա այդ ամենի հիմքում դրված է  կոռուպցիան։

Աջափնյակ վարչական շրջանում 2022-2023 թվականներին փոխվել է 11 հազար գծամետր բազալտե եզրաքար, սովետական արտադրության, որակից հասկացողները կհասկանան, բայց այդ եզրաքարերը թափվել են։ Այս ամենին որևէ ընթացք չկա, միայն ես ու էլի ինչ-որ սրտացավ մարդիկ են բարձրաձայնում։

Հույս ունեմ՝ այսօրվա իմ այս խոսացածների համար իմ շքամուտի մոտ, իմ տան մոտ ինձ վրա նոր մահափորձ չեն կատարի»,- եզրափակեց Արթուր Չախոյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս