«Վայ մեզ, վայ մեր ազգին». Անդրանիկ սարկավագը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Փետրվարի 6-ին հայտնի դարձավ, որ 57 տարեկանում սրտի կաթվածի հետևանքով մահացել է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը։

Արցախյան պատերազմի մասնակից, նժդեհական Գագիկ Գինոսյանի մահվան առիթով Նիկոլ Փաշինյանը որևէ ցավակցական ուղերձ չէր հղել նրա ընտանիքին, ցավակցել է միայն ԿԳՄՍ նախարարությունը։

ԿԳՄՍ նախարար Ժանա Անդրեասյանն այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ արձագանքելով քննադատություններին, որ թույլ չեն տվել, որպեսզի Գագիկ Գինոսյանի հոգեհանգիստը տեղի ունենա Օպերային թատրոնում, ասել է, որ մշակութային կենտրոնները լավագույն վայրերը չեն հոգեհանգստի արարողությունների համար։

Գագիկ Գինոսյանը 2020 թվականի պատերազմից առաջ մշտապես քննադատում էր իշխանություններին, մասնավորապես Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, որ արժանանալու է Մելիք Ֆրանգուլի ճակատագրին։

Կարդացեք նաև

Գագիկ Գինոսյանը 2022 թվականին 168.am-ին տված հարցազրույցում ասել էր, որ մարդը չի կարող իր որդուն սպանածի հետ բարեկամություն քարոզել՝ նկատի ունենալով թուրքերի և հայերի միջև խաղաղությունը, որին ձգտում է օրվա իշխանությունը։

«Դուք ձեզ հետ ոչ միայն ոչինչ չեք տանելու, այլև պիղծ անուն եք թողնելու ու Մելիք Ֆրանգուլի ճակատագիր, մեր երեխաները ձեր գերեզմանին կեղտոտելու են, ինչպես մինչև հիմա՝ 300 տարի անց, կեղտոտում են Մելիք Ֆրանգուլի գերեզմանին։ Հանձնելու փորձերից առաջ մեկ-մեկ գնացեք Սյունիք, տեսեք Մելիք Ֆրանգուլի գերեզմանը և կողքը ձեզ տեղ պահեք, ձեր տեղն այնտեղ է, իսկ կեղտոտողներ հաստատ կգտնվեն»,- ասել էր Գագիկ Գինոսյանը։

168.am-ի հետ զրույցում «Սասուն» ազգային երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Անդրանիկ սարկավագ Մանուկյանը  ցավ հայտնեց, որ երկրի ղեկավարը որևէ ցավակցական խոսք չի հնչեցրել Հայաստանի մշակույթի մեջ մեծ ներդրում ունեցած անձնավորության մահվան կապակցությամբ։

«Ես ամոթ եմ ապրում, որ երկրի առաջին դեմքն իր գիտակցությունը չի հասունացնում՝ հասկանալու համար, թե ինչ բան է ազգը, ազգայինը, պետական մտածելակերպը։ Այն մարդը, որը մշակ է ու ծառայում է ազգին՝ չի գնահատում։ Ինչ վերաբերում է ԿԳՄՍ նախարարին, ապա քրիստոնեությունն ասում է. «վայ մեզ, վայ մեր ազգին»։

Նոր չէ, որ ես տեսնում եմ այս անարդարությունները։ Գոնե ձևականորեն կարող էր ցավակցական խոսք հղել։ Մենք իրավունք չունենք մեր իմաստուն մարդկանց հավասարեցնել հողին, աշխարհը կծիծաղի մեզ վրա»,- ասաց մեր զրուցակիցը։

Հարցին՝  Գագիկ Գինոսյանի քննադատություննե՞րն են չցավակցելու պատճառը, Անդրանիկ սարկավագ Մանուկյանը պատասխանեց՝ կրկին ցավում է, որ երկրի առաջնորդը հասել է այնտեղ, որ անձնական նեղ շահով է առաջնորդվում։

«Մարդ ինչքան ցածրահոգի պիտի լինի, որ այդպես վարվի։ Իրենք են թույլ տվել, որ այդպես ենք արտահայտվում իրենց հասցեին։ Բա դու երկրի ղեկավար ես, տեսնում ես՝ մշակույթի գործիչը դժգոհում է, կանչիր հարցրու, թե ինչն է խնդիրը։ Կամ ինքն իրեն թող հարց տա, թե ինչու է այդ մարդը նման կերպ խոսում, սա իր խնդիրն է, որ նման արտահայտություններ են հնչում իր հասցեին, ինքն է ղեկավարը։

Ամոթ և ափսոս՝ այդ մարդը այդպես էլ դուրս չեկավ նեղ անձնական շահերի շրջանակից»,- եզրափակեց Ա. սարկավագ Մանուկյանը։

Նշենք, որ Գագիկ Գինոսյանը կհուղարկավորվի Եռաբլուրում։

Նշենք նաև, որ Գագիկ Գինոսյանի դուստրը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ իր հայրը չէր ցանկանա, որպեսզի մարդիկ ծաղկեպսակներ տանեին, հետևաբար՝ գումարը կարող են փոխանցել համապատասխան հաշվեհամարի, որը կծառայի նրա սկսած գործը շարունակելու համար։

Տեսանյութեր

Լրահոս