Սա հայրենիք չի, սա հայրենիքի մնացորդ ա. Նիկոլ Փաշինյան

«Վերջին շրջանում ասում են՝ հարկ վճարող քաղաքացու այս ի՞նչ մեծարում է տեղի ունենում ՀՀ-ում: Ասում են՝ պատկերացրեք պետությունը ուր է հասել, որ պետության հերոսը հարկ վճարող քաղաքացին է: Էդ մարդիկ չեն հասկանում, որ հարկ վճարող քաղաքացին չլինի՝ իրենք աշխատավարձ չեն ստանա:

Առնվազն իրենք իրենց բոլոր աշխատավարձերը պետք է նվիրած լինեին պետությանը: Բոլոր այդ մարդիկ՝ պետական բյուջեից աշխատավարձ ստացողները ասում են՝ էս ինչ խայտառակություն է, էս պետության հերոսը հարկ վճարո՞ղն է: Ես իրենց անկեղծությանը կհավատամ, եթե մինչեւ հիմա իրենց ստացած բոլոր աշխատավարձերը վերադարձնեն պետական բյուջե»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա սկսեց թվարկել, թե ինչով են պարտական՝ հարկատուներին. «Բանակը, ԶՈՒ-ն սնում է հարկ վճարող քաղաքացին: Կա հարկ վճարող քաղաքացի՝ կա բանակ, չկա հարկ վճարող քաղաքացի՝ չկա բանակ՝ բառիս բուն իմաստով, չկա կոշիկ, շոր, ավտոմատ, փամփուշտ, տանկ, հրացան: Ոչ մի բան: «Պագոն», աշխատավարձ, պարգեւավճար, մեդալ: ՀՀ Ազգային հերոսի մեդալը ձուլում են հարկ վճարող քաղաքացու հաշվին: Կա քաղաքացի, որ հարկ է վճարում, կա Ազգային հերոս»:

Այնուհետև նա նշեց, որ անգամ հերոսների պարգևատրման արարողության ժամանակ եթեդահլիճում լույս են վառում, էլի հարկատուի շնորհիվ է.

«Կարող են ասել՝ ոչինչ, մենք մոմի տակ կտանք: Չկա հարկ վճարող քաղաքացի՝ չկա մոմ, որովհետև պետությունը, որն այդ մոմը պիտի առներ, չունի այդ փողը, նույնիսկ չկա այդ լուցկին, որով հնարավոր կլինի վառել: Այո՛, ՀՀ թիվ մեկ հերոսը հարկ վճարող քաղաքացին է, որովհետև առանց նրա չկա պետություն, չկա բանակ, զինվոր, լեյտենանտ, կապիտան, գեներալ, ոչ մի բան չկա: Կներեք, հազար ներողություն, Եռաբլուրը հարկ վճարող քաղաքացու հիմնադրած պանթեոնն է»:

Հետո Փաշինյանն ասաց, թե աշխատանքային քննարկումների ժամանակ ինքն ինչ է խոսում. «Առաջին անգամ կասեմ հրապարակային: Վերաբերմունքը ՀՀ-ի նկատմամբ, որ խորանում ես, շատ դեպքերում հետևյալի մասին է…

Ես էս վերջերս շատ եմ մտածում ու հասկանում եմ, որ շատ դեպքերում մենք ասում ենք՝ այ էս Հայաստանի հանրապետությանը դուք լո՞ւրջ եք վերաբերվում, էս մի թիքա Հայաստանի Հանրապետությա՞նն եք դուք լուրջ վերաբերվում, մեր հայրենիքը գիտե՞ք ինչ ա, սա հայրենիք չի, սա հայրենիքի մնացորդ ա:

Այս գիտակցությունը մեր մեջ մտցված է: Սա հայրենիք չի, սա հայրենիքի մնացորդ է, է՞ս է հայրենիքը: Այդ վերաբերմունքն էլ, որ ասում ենք՝ ճանապարհը սարքվում է՝ քանդվում է:

Ինչ-որ մի ենթագիտակցական մեխանիզմ աշխատում է, որ մենք այ տենց ենք հարաբերվում մեր երկրի, մեր պետության հետ: Սա շատ լուրջ հոգեբանական խնդիր է»:

Տեսանյութեր

Լրահոս