Բաժիններ՝

«Զտում են՝ ունևորներին բերում են Կենտրոն, քիչ ունևորներին՝ հեռացնում. Սրանք թշնամուց ինչո՞վ են տարբերվում». Վահագն Սահակյան

Նախորդ տարվա դեկտեմբերի 26-ին Երևանի ավագանին ընդունեց Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը։

Նախագծով հունվարի 1-ից մայրաքաղաքի Ա գոտու ավտոկայանատեղիում կայանելու համար 1 օրվա համար վճարը սահմանվել է 2000 դրամ, իսկ տարեկանի դեպքում՝ 160.000 դրամ, կենտրոնից դուրս՝ 1 օրվա համար՝ 1000 դրամ, իսկ տարեկան՝ 24.000 դրամ։

Երևանի քաղաքապետարանն այս ամենը բացատրեց նրանով, որ ցանկանում են բեռնաթափել Կենտրոնը։ Փորձագետները և քաղաքացիները հակադարձում են այս ամենին՝ Կենտրոնի բեռնաթափման համար նախ պետք է տրանսպորտային հանգույցը բարելավել, կառուցել ստորգետնյա ավտոկայանատեղիներ։

168.am հետ զրույցում Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը նախ հարց տվեց, թե գրեթե մեկ ամիս է՝ գործում է այդ որոշումը, Երևանի Կենտրոնը գոնե որոշ չափով բեռնաթափվե՞լ է՝ իհարկե ոչ։

Կարդացեք նաև

«Ընդհանրապես որևէ տեղ չի ազատվել, գուցե քիչ գումար ունեցող մարդկանց մեքենաները փոխվել են  ավելի շատ գումար ունեցողների մեքենաների հետ, այլ բան չի փոխվել։ Ես Կենտրոնում եմ աշխատում և չեմ տեսել, որ այս ընթացքում մի տեղ ազատ լինի։ Սա ուղղակի թանկացում էր, եթե բեռնաթափելու համար էր, ապա ինչո՞ւ թանկացրեցին ժամավճարը նաև։ Այսօրվա տարեկան 160 հազար դրամից ժամավճարը տարեկան ավելի շատ է կազմում։ Եթե գումարենք այն կորցրած րոպեները, որը մարդը վճարում է, սակայն մեքենան 10 րոպե կայանելուց հետո դուրս է բերում, ապա ստացվում է, որ 100 դրամի փոխարեն, վճարում է 170-180 դրամ։ Ինչո՞ւ սա թանկացրեցին ու դարձրեցին 300 դրամ։

Կրկնում եմ՝ եթե այս մարդկանց նպատակը բեռնաթափումն էր, ապա նախ ժամավճարը չէին թանկացնի։ Այլ խոսքով՝ ուղղակի զտում են անում՝ ունևոր մարդկանց բերում են Կենտրոն, քիչ ունևորներին՝ հեռացնում»,- նշեց Վահագն Սահակյանը։

Ըստ նրա, այնպես կանեն, որ Նորքն էլ կդարձնեն Կենտրոն ու կսկսեն փող աշխատել, ինչպես, օրինակ, գույքահարկի առումով էին խոսում ու ասում՝  «խրուշչովկեքն» ինչ է  լինելու՝ 5-6 հարյուր դրամ է լինելու, իսկ այսօր արդեն դարձրել են հազարներ։

«Կենտրոնի ապրողները, ովքեր ծնվել ու մեծացել են այնտեղ ու չեն կարողանում գույքահարկը վճարել, նրանց ասում են՝ ինչ անենք, վաճառի, գնա այլ տեղ ապրի։ Այսինքն՝ մարդկանց ասում են՝ ձեր հայրական տները ծախեք՝ գնացեք, սրանք ինչո՞վ են տարբերվում ադրբեջանցիներից, որոնք մեր հայրենակիցների տները խլել են նրանցից ու դուրս հանել։ Օրենք են ընդունել ու դրանով մարդուն ստիպում են թողնել իր հայրական օջախը»,- շեշտեց Վահագն Սահակյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ այսօր տաքսի ծառայության ասոցիացիան դե յուրե մնացել է, բայց դե ֆակտո չի գործում, քանի որ տաքսի ծառայությունները տրոհվել են։

«Կան միայն 2-3 գերակա դիրք զբաղեցնող ինչ-որ հավելվածներ, որոնք տաքսի ծառայություններ չեն, առևտրային ընկերություններ են՝ գնում և վաճառում են պատվերները։  Իսկ տաքսի մեքենաների համար ինչ-որ կայանատեղիներ են ստեղծել,  ու պարզ չէ, թե ինչ կրետերիաներով են մոտենում։ Պարզվում է, որ իրենք նայում են միայն մեքենաների գլխին դրված տարբերանշաններին։ Եվ ապշելու բան է, երբ ասում են, թե՝ եթե «Յանդեքսում» գրանցված չես, ուրեմն տաքսի ծառայություն չես։ Այսինքն՝ ստացվում է,  եթե որևէ մեկն ինձ հարկ է վճարում, ուրեմն՝ հարկատու է, և պետությունը որևէ բանով չի մեղադրում, եթե հարկ չի տալիս, ուրեմն՝ թաքցնում է։ Ի՞նչ է նշանակում՝ եթե  մասնավոր կազմակերպությունում  օնլայն ինչ-որ ձևով գրանցվել ես, ուրեմն՝ տաքսի ես։ Իհարկե այդպես չէ, տաքսու մասին օրենք կա, տաքսին այն մեքենաներն են, որոնք անցել են լիցենզավորման ամբողջ գործընթացը։ Դրա մասին հիմա բոլորը լռում են։ Այն վարորդները, որոնք գրանցվել են  «Յանդեքսում», փաստորեն նրանց համար որևէ խնդիր չի առաջանում, իրենք այդ ադրբեջանական ընկերությանը փաստորեն վճարում են»,- շեշտեց Վահագն Սահակյանը։

Միաժամանակ ընդգծեց, որ այսօր բազմաթիվ ահազանգեր է ստանում, որ հնդիկները սկսել են տաքսի վարել՝ օնլայն տաքսի են պատվիրում, և գալիս է հնդիկ։

«Գիտեմ դեպքեր, երբ ազերիներ են եղել վարորդները, իբրև թե իրանցի են ներկայացել, երբ այսպես չի եղել, ազերի են եղել»,- եզրափակեց Վահագն Սահակյանը։

Տեսանյութեր

Լրահոս