Բաժիններ՝

Լավ նորություննները սոցցանցերում ավելի արագ են տարածվում

Զանգվածային լրատվամիջոցները սիրում են առաջին էջերում գրել սպանությունների, տարերային աղետների և այլ վատ լուրերի մասին՝ թողնելով լավ նորությունները երկրորդ պլանում: Գիտնականները, կատարելով սոցցանցերում նորությունների տարածման վերաբերյալ նոր ուսումնասիրություն, մի շարք հետաքրքիր եզրահանգումների են եկել:

Ուսումնասիրության ղեկավար, դոկտոր Ջոն Բերգերի խոսքով՝ երբ լրատվամիջոցներն ընտրում են նորությունները, նրանք պարզապես ցանկանում են ստանալ լսարանի ուշադրությունը, և վերջ։ Նրանց համար միևնույն է, թե ինչ են զգում մարդիկ այդ նորությունները կարդալիս: Իսկ երբ մարդիկ կիսվում են նորություններով իրենց ընկերների հետ սոցցանցերում, նրանք նախընտրում են դրական հաղորդագրություն տարածել, քանի որ քչերն են ցանկանում դեպրեսիվ երևալ իրենց ծանոթ-ընկերների շրջանում:

Նեյրոկենսաբանները և հոգեբանները մեծ աշխատանք են իրականացրել, ուսումնասիրության ընթացքում գիտնականները հետազոտել են մեծ թվով կամավորների ուղեղից ստացված ազդակները, վերլուծել են նրանց էլ. փոստը և սոցցանցերի հաշիվը: Այսպիսով, ուսումնասիրությունը ցույց է տվել, որ լավ նորությունները կարող են ինտերնետում, մասնավորապես՝ սոցցանցերում տարածվել ավելի արագ, քան վատ նորությունները, գրում է «The New York Times»-ը:

Ջոն Բերգերն իր գործընկերների հետ վերլուծել է, թե ինչպես են մարդիկ կիսվում հոդվածներով, օրինակ՝ «The New York Times»-ից: Պարզվել է, որ ամենից շատ հատկապես «Գիտություն» բաժնի հրապարակումներն են տարածվում, հատկապես տարածվում են այն հոդվածները, որոնք զարմանք են առաջացնում:

«Օգտատերերը ցանկանում են կիսվել իրենց զգացմունքներով ընկերների հետ»,- նշել է Ջ. Բերգերը:

Հետազոտողները նշում են նաև, որ մինչ ուսումնասիրություն իրականացնելը կարծում էին, որ սոցցանցերի օգտատերերը կիսվում են իրենց ընկերների հետ հատկապես այն տեղեկատվությամբ, որն իրենց է հետաքրքիր, սակայն պարզվել է, որ մարդիկ մեծ հաճույքով կիսվում են այն նորություններով, որոնք կարող են հետաքրքրել այլ մարդկանց: Ընդ որում, որքան մեծ է սոցցանցում օգտատիրոջ ընկերների ցանկը, այնքան ավելի հավանական է, որ նա կհրապարակի դրական լուրեր:

Սակայն, արդյո՞ք իրականում դրական լուրերը ստիպում են լսարանին իրեն ավելի երջանիկ զգալ։ Պարզվում է, որ սոցցանցերի ակտիվ օգտագործումն, ընդհակառակը, նվազեցնում է մարդկանց երջանկության մակարդակը: Կարդալով այլ մարդկանց դրական նորությունները՝ մարդիկ հաճախ ուժեղ նախանձի զգացում են ունենում, որը կարող է հանգեցնել դեպրեսիայի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս