Ռուսները հասկանում են՝ Ալիևը չի՛ կանգնելու. Հայաստանն է խնդրելու իրենց կանգնեցնել Ալիևին. Հայկ Խալաթյան

Սպառազինության ոլորտում ռուսաստանյան ընկերությունների հետ ունեցած խնդրահարույց հարցերը մեծամասամբ կարգավորվել են, սակայն մի շարք խնդիրներ շարունակում են մնալ չլուծված, «Ազատության» գրավոր հարցին ի պատասխան՝ հայտնել են Պաշտպանության նախարարությունից։

Պաշտպանական գերատեսչության այս արձագանքից առաջ, ավելի վաղ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էր Հանրային հեռուստաընկերության եթերում նախ քննադատության ենթարկել ՀԱՊԿ-ին, ապա շեշտել՝ Հայաստանը Ռուսաստանի հետ թարմացնում է պայմանավորվածությունները. եթե նախկինում 4 միավոր սպառազինություն էինք ուզել, հիմա ուզում ենք 2 միավոր, և խոսք չի գնում նոր համաձայնագրերի մասին։

«Նոր համաձայնագրեր Ռուսաստանի հետ չունենք»,- ասել էր ԱԽՔ Գրիգորյանը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը, անդադառնալով Պաշտպանության նախարարության պաշտոնական պարզաբանմանը՝ ՌԴ-ից սպառազինությունների մատակարարումների մասին, նշեց.

Կարդացեք նաև

«Չեմ կարծում, որ Պաշտպանության նախարարության այս պարզաբանումը կարող է հայ-ռուսական հարաբերություններում առկա ներկայիս ճգնաժամում որևէ բան փոխել։ Համեմատեք նույն Պաշտպանության նախարարության այսօրվա պարզաբանումն ավելի վաղ Հանրային հեռուստաընկերության եթերում Ռուսաստանի հասցեին ԱԽՔ Արմեն Գրիգորյանի արած հայտարարությունների հետ և կտեսնեք՝ այս իշխանությունները մտադիր չեն Ռուսաստանի հետ հարաբերություններ կարգավորել»։

Մեր զրուցակցի խոսքով՝ դեպի Արևմուտք աշխարհաքաղաքական ռևերանս անելու ցանկություն ունեցող Հայաստանի իշխանության՝ իր քաղաքականությունից չհրաժարվելու մասին էր նաև Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի վերջին ասուլիսը, որտեղ պաշտոնյան բաժանում դրեց Հայաստանի և հայ ժողովրդի միջև՝ հասկացնելով՝ եթե ի պատասխան Հայաստանի իշխանության քաղաքականության՝ Ռուսաստանը քայլեր անի, հայ ժողովուրդը պետք է հասկանա, որ դա ուղղված է ոչ թե իրեն, այլ ուղիղ ՀՀ ներկայիս իշխանությանը։

«Հայաստանի իշխանությունը դեպի Արևմուտք փոքր քայլերի ռազմավարություն է իրականացնում, որոնք կլինեն ինչ-որ տեղ նաև վերահսկելի, որպեսզի Ռուսաստանից կոշտ արձագանք չլինի»,- ասաց Խալաթյանը՝ հավելելով, որ դա Ռուսաստանի դեպքում չի աշխատում, որովհետև այս երկիրն այլ ռազմավարություն ունի։

«Ռուսաստանը կացնով է աշխատում։ Իսկ Հայաստանի այս իշխանությունն աշխատում է Ռուսաստանի դեմ»,- ասաց նա։

Քաղաքական մեկնաբանը կոչ արեց՝ ՀՀ իշխանության վարած քաղաքականության վերաբերյալ գնահատականներ հնչեցնելիս նախ հետ նայել ու տեսնել, թե քաղաքական հայտարարություններից այդ որի՞ն են հետամուտ եղել ու կարողացել հօգուտ հայկական շահի որևէ բան իրականացնել, ուստի այդ վերլուծությունից կարելի է հստակ արձանագրել՝ Փաշինյանը հայտնվել է մի իրավիճակում, որ Ալիևը նրան պարտադրում է իր պայմաններով փաստաթուղթ ստորագրել, ինչը կլինի կապիտուլյացիա՝ ամբողջական, իսկ չընդունելու դեպքում առիթ է տալու Ադրբեջանին նոր ռազմական գործողություններ սկսելու։

«Փաշինյանի հույսն է, թե պայմանագիր կկնքի և կլինի խաղաղություն, մինչդեռ Ադրբեջանի նախագահը հիշեցնում է՝ ուժեղ պետություններն անտեսում են միջազգային իրավունքը»,- նկատեց Խալաթյանը: Միևնույն ժամանակ նա ընդգծեց՝ ունենք մի իրավիճակ, որ Հայաստանի իշխանությունը շարունակում է Ադրբեջանի հետ բանակցություններ վարել՝ փակելով Արցախի հարցն ընդհանրապես, իսկ Արցախի հանձնումն արդարացնելու համար էլ շրջանառության մեջ է դրել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ին ընդդիմանալու թեզը։

«Ասում են, թե Ռուսաստանին «Զանգեզուրի միջանցք» է պետք, ոչ, պետք չի. դա պետք է ՀՀ իշխանությանը՝ Արցախի հանձնումն արդարացնելու համար… Ռուսները հասկանում են՝ Ալիևը չի՛ կանգնելու, իսկ Հայաստանը խնդրելու է իրենց կանգնեցնել Ալիևին»:

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս