Ո՞ւր է շտապում քաղաքապետը՝ առանց հանրային քննարկումների. «Նեթ-բո՞լ»
Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածի շուրջ օղակը սեղմվում է. «ասեք՝ կանենք» խոստումով քաղաքապետի պաշտոնը ստանձնած Տիգրան Ավինյանը դեռևս չի հստակեցնում, թե ով է ասել, որ անում են, ու անելիքները հիմնավորում է «հանրային գերակա շահ» ընդհանուր եզրույթով:
Ինչո՞ւ է առաջնահերթ համարվել միայն այգու՝ Սայաթ-Նովա փողոցից մինչև Նալբանդյան փողոց ընկած այս և ոչ թե այգու մյուս՝ ոչ պակաս ուշադրության արժանի հատվածները, ինչո՞ւ է կառուցապատող ընկերության միակ հավակնորդ դարձել ամիսներ առաջ Երևանին գումարներ նվիրաբերած սեփականատիրոջ մեկ այլ ընկերություն՝ GreenRock Management Group-ը, ո՞ւր են տարվելու այգին հիմնելուց տարիներ առաջ այնտեղ գտնվող թենիսի կորտերը, և ի՞նչ է առաջարկել քաղաքապետարանն այդ հատվածում շահույթ հետապնդող այն կազմակերպություններին, որոնք, օրինակ, մինչև 2038 թիվը վարձակալել են տարածքները՝ հարցերի պատասխանները դեռ բաց են:
«Տրամաբանությունը հետևյալն է, որ այգին ծառայի՝ ըստ իր նշանակության»,- այսօր քննադատություններին ի պատասխան՝ ասել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ այդպես էլ չկարողանալով բացատրել, թե ինչով են, օրինակ, այդ տրամաբանությանը խանգարում թենիսի կորտերը:
Ճարտարապետների, քաղաքաշինարարների ու հասարակ քաղաքացիների քննադատություններից քաղաքապետը չի նահանջում. թենիսի կորտերը պետք է տեղափոխվեն:
«Վստահաբար, ակումբի համար տեղակայման դիրքն այդքան էլ պրինցիպիալ կարևոր չէ»,- քաղաքապետարանի գործավարական վերջին նիստում վստահեցրել էր Տիգրան Ավինյանը:
«Արարատ» թենիսի ակումբի սեփականատեր ու «Գեյմսերվիս» ընկերության տնօրեն Էդուարդ Սանամյանն էլ նշում է՝ իրենք ևս չեն ընկրկելու. ասում է՝ մինչ այս պահն իրենց որևէ առաջարկ չի արվել:
«Մեզ հետ քննարկելու որևէ առաջարկ չի եղել: Մեր պահանջն ու խնդրանքը քաղաքապետարանից ընդամենը հարցերի պատասխանն է, որին դեռևս ականատես չենք եղել: Այս շաբաթվա գործավարականն ավելի շատ հարցեր առաջացրեց»,- 168.am-ի հետ զրույցում նշեց ակումբի տնօրենը:
Այս ընկերությունն ու ակումբն են 90-ականներից Օղակաձև զբոսայգու թենիսի կորտերի երկարաժամկետ վարձակալը։ Էդուարդ Սանամյանը կարծում է՝ սա վատ նախադեպ կլինի մյուս գործարարների համար և կկաշկանդի ներդրումներ անել: Նա չգիտի, թե ինչու է այգու հենց այս հատվածն արժանացել քաղաքապետի ուշադրությանը, բայց ակնկալում է այս գործընթացի թափանցիկություն:
Հայաստանի թենիսի աջակցության հիմնադրամի նախագահ Յուրի Մկրտչյանն այգու վերականգնման վերաբերյալ քաղաքային իշխանության ծրագրին հակադարձում է հիշեցմամբ՝ 1966 թվականին Պետհամալսարանի դիմաց թենիսի այս կորտերը կային՝ այգին չկար: Նա Ավինյանի առաջարկ-որոշումը համարում է անպատրաստ, հապճեպ ու անհիմն. «Քաղաքապետի երկրորդ ելույթը որ եղավ երկուշաբթի օրը, ասաց՝ առաջարկություն պետք է անեին: Ճիշտ կլիներ, որ նրանք առաջարկներ անեին, նոր գային հայտարարության: Իմ կարծիքով՝ քաղաքապետարանն այսօր առաջարկ չունի»:
168.am–ը փորձեց զրուցել նաև այդ հատվածում ծառայություններ մատուցող մի քանի ընկերության ներկայացուցիչների հետ. պատասխանատուները դեռևս աշխատավայրում չէին, բայց աշխատակիցները տարակուսած էին քաղաքապետարանի որոշումից:
Փոքրիկ հարցախույզի ընթացքում մեզ հանդիպած քաղաքացիները հիմնականում դեմ չէին բարեկարգման գաղափարին, եթե այն իսկապես բարեկարգում լինի, ու եթե թենիսի ակումբի համար այլընտրանքային առաջարկ լինի: Տեսակետ հնչեց նաև հանրային քննարկման մասին:
Հիշեցնենք՝ քաղաքապետարանի գործակարգավարական նիստում Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Շողիկ Երանյանը նշել է, որ քաղաքապետարան է դիմել մի ընկերություն՝ GreenRock Management Group անունով՝ Օղակաձև այգու 4-րդ հատվածի՝ Սայաթ-Նովա փողոցից մինչև Նալբանդյան փողոց ընկած տարածքում վերակառուցման և կառուցապատման իրավունքի տրամադրման համար: Եվ հաշվի առնելով, որ տարածքում կան նաև այլ անձանց պատկանող գույքեր, անհրաժեշտ է այն հանրային գերակա շահ ճանաչել:
GreenRock ընկերության հիմնադիր Մարետա Գևորկյանը, որը նաև «Էվոկաբանկ»-ի սեփականատերն է, ամիսներ առաջ Երևանին ավելի քան 250 մլն դրամ էր նվիրաբերել, որպեսզի վերանորոգվեր համայնքին պատկանող մի շենք։
Մանրամասները՝ տեսանյութում