Բաժիններ՝

Վահե Ղազարյանը ներկայացրել է ոստիկանության կառուցվածքային բարեփոխումները

Կառուցվածքային վերափոխման շրջանակներում Հայաստանում ոստիկանական ծառայությունը զարգանալու է որպես մասնագիտական կառույց՝ 4 հենասյունային ուղղություններով, որոնք են քրեական ոստիկանությունը, պարեկային ծառայությունը, ոստիկանական գվարդիան և համայնքային ոստիկանությունը։

Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին նշեց ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը՝ անդրադառնալով ոստիկանության բարեփոխումներին։

«Վերացվելու են ոստիկանության մարզային վարչությունները, 4 հիմնական ուղղություններով ստորաբաժանումները Երևանում և մարզերում ունենալու են իրենց տարածքային ստորաբաժանումները՝ ուղղաձիգ և արդյունավետ կառավարմամբ»,- ավելացրեց նախարարը։

Վահե Ղազարյանը ծառայության ձեռքբերումներից առանձնացրեց հատկապես պարեկային ծառայության՝ որպես արտաքին ծառայության նոր և ժամանակակից մոդելի ամբողջական ներդրումը հանրապետությունում, ինչպես նաև ջրային պարեկային ստորաբաժանման ստեղծումը։

«Կցանկանայի ընդգծել, որ պարեկային ծառայությունում կին պարեկների ներգրավման խթանման նպատակով հայտարարվել է նոր ընդունելություն, որտեղ գերակշիռ տեղերը հատկացվել են կին դիմորդներին։ Ընդունելությանն ընդառաջ օրենսդրական լուծումներ են տրվել Ոստիկանությունում ծառայության անցնելուն խոչընդոտող խնդիրներին, իրականացվել է կանանց նախագրանցման գործընթաց, ինչպես նաև թիրախային իրազեկման արշավներ»,- ասաց նախարարը։

Ղազարյանի խոսքով՝ ՆԳՆ հենասյունային բարեփոխումների համատեքստում ԱԺ կողմից ընդունվել են համայնքային և քրեական ոստիկանությունների ձևավորմանն ուղղված օրենսդրական փաթեթները, իսկ «Ոստիկանության գվարդիայի մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը գտնվում է պետական-իրավական փորձաքննության փուլում։

«Ի դեպ՝ քրեական ոստիկանությունում կադրային համալրման նպատակով բաց մրցույթն արդեն հայտարարված է, որին կարող են դիմել նաև քաղաքացիներ։

Հատկանշական է, որ աշխատանքի գրավչությունն ապահովելու նպատակով ոստիկանությունում և փրկարար ծառայությունում ներդրվել է ատեստացիոն համակարգ, որի արդյունքներով ծառայողները կարող են կրկնապատկել իրենց դրամական ապահովումը։

Պետք է փաստել, որ ոստիկանության ոլորտի բարեփոխումների արդյունքներով է նաև, որ աճել է ոստիկանության նկատմամբ հանրային վստահության մակարդակը, ինչի մասին վկայում են նաև միջազգային կազմակերպությունների հետազոտությունների արդյունքները»,- եզրափակեց Ղազարյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս